Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով Անվտանգության խորհրդի՝ այսօր հրապարակված ձայնագրության հատվածին, պահանջում է հրապարակել սեպտեմբերի 30-ի նիստի եզրափակիչ մասում նախագահի ելույթը, ինչպես նաև իր ելույթը ամբողջությամբ:
Անվտանգության խորհրդի գրասենյակը այսօր հրապարակել է այդ նիստում Օնիկ Գասպարյանի ելույթից հատված:
Մինչև այդ էլ հրապարակվել էր տեքստային տարբերակը:
Թե՛ նշված փաստաթղթում, թե՛ ձայնագրության մեջ Գասպարյանը շեշտում է՝ ադրբեջանական կողմը որևէ առաջընթաց չի ունեցել, բանակն էլ իր առջև դրված խնդիրները կատարել է մինչև վերջ։
Անվտանգության խորհրդի գրասենյակից, արձագանքելով Գասպարյանի պահանջին, պնդում են՝ այդ նիստում նախագահ Արմեն Սարգսյանը եզրափակիչ ելույթ չի ունեցել։
Անվտանգության խորհուրդ - Սեպտեմբերի 30-ի նիստում հանրապետության նախագահը եզրափակիչ ելույթ չի ունեցել։ Մեզ համար անհասկանալի է Օնիկ Գասպարյանի կողմից ԱԽ նիստերի շարունակական խեղաթյուրումը։ Մեզ համար անհասկանալի է նաև սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի իր ելույթն ամբողջությամբ հրապարակելու Օնիկ Գասպարյանի պահանջը, որովհետև այդ ելույթում նա խոսում է Արցախի պաշտպանության բանակի մի շարք գործողությունների մասին, որոնց հրապարակումը կարող է էական վնաս պատճառել Արցախի և Հայաստանի ազգային շահերին։ ԱԽ գրասենյակի կողմից նյութերի հրապարակումից ակնհայտ է դառնում, որ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու առաջարկություն չի արել, և լիազորված ենք ևս մեկ անգամ դա արձանագրել:
Անվտանգության խորհրդի գրասենյակից ընդգծում են՝ այդ նիստում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ չի հնչել անգամ միտք, որ կարող էր երկիմաստության պատճառ դառնար:
Օնիկ Գասպարյանը նոյեմբերին 17-ին ուղերձով էր հանդես եկել և նշել, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է հայկական կողմի կորուստները, ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը և առաջարկել 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանը չի ասել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ, ավելին, ըստ Փաշինյանի, Գասպարյանը հակառակ հայտարարությունն է արել։