Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասում: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ «Նորմանդական քառյակի» խորհրդականների և Դոնբասում հակամարտության կարգավորման կոնտակտային խմբի նիստերում քննարկվել է կրակի դադարեցման ռեժիմի վերականգնման հարցը: Առաջարկ է հնչել նաև այցելել հակամարտության գոտի՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և այն առավել հանգամանորեն հասկանալու համար: Դիմելով Ռուսաստանին՝ Զելենսկին շեշտել է՝ նախկինում անցյալի և ապագայի վերաբերյալ Կիևի և Մոսկվայի ունեցած տարբեր տեսակետները կարելի է դիտարկել ոչ թե որպես խնդիր, այլ որպես հնարավորություն:
Անկարան ռուսական С-400 հրթիռային համակարգերի նոր խմբաքանակի գնման բանակցություններ է վարում: Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը С-400-ների գնման գործարքի վերաբերյալ: Մևլութ Չավուշօղլուի խոսքով` այդ համակարգերն անհրաժեշտ էին Թուրքիային, և նա գնեց դրանք, իսկ Վաշինգտոնն իրավունք չունի քննադատել Անկարայի գործողությունները: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարարին կոչ էր արել հրաժարվել ռուսական С-400 հրթիռային համակարգերից:
Մինեապոլիսի դատարանը նախկին ոստիկան Դերեկ Շովինին մեղավոր է ճանաչել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար: Նախկին ոստիկանին մինչև 40 տարվա ազատազրկում է սպառնում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով դատավարությունը, նշել է, որ սա արդարության հաստատման ուղղությամբ մեծ քայլ էր: Սպիտակ տան ղեկավարը նաև կոչ է արել բարեփոխումներ սկսել ոստիկանության համակարգում՝ հետագայում նման ողբերգությունները բացառելու համար: Նախորդ տարվա մայիսին ոստիկանը Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու ժամանակ ծնկով սեղմել էր նրա վիզը, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել էր: Աֆրոամերիկացու մահվանից հետո ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ոստիկանության կողմից անհամարժեք ուժի կիրառման դեմ զանգվածային ցույցեր տեղի ունեցան:
Նոր ցույցեր ու բողոքի ակցիաներ են սկսվել Միացյալ նահանգներում Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում ոստիկանի կողմից 16-ամյա աֆրոամերիկուհու սպանությունից հետո: Ոստիկանությունը դանակակռվի փորձի վերաբերյալ հաղորդումից հետո ժամանել է դեպքի վայր: Մահացած աղջկա հորաքույրը հայտնել է, որ զարմուհին դանակը վերցրել է, որպեսզի իրեն պաշտպանի հարևանությամբ գտնվող այլ մարդկանց հետ ծեծկռտուքի ժամանակ: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: