Հանրապետության մարզերում շարունակվում են ուսումնական վարժանքները։ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Աղավնավանքի և Դեբեդավանի միջնակարգ դպրոցներում անցկացրել է պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերի թեմաներով։ Աղավնավանք բնակավայրում իրականացրել է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։
Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում և միջնակարգ դպրոցում անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Փորձարկվել է Ոսկեհատ համայնքի էլեկտրաշչակը, որը գտնվել է սարքին վիճակում։ Կազմակերպվել է համայնքի բնակչության, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի և աշակերտների պատսպարում: Համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ: Դրանից հետո Արմավիրի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանը խոսել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և «Ուժեղ երկրաշարժի դեպքում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնների մասին։
Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում կայացել է «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են Արմավիրի մարզային փրկարարական վարչության սպայական կազմը, Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի տարահանման հանձնաժողովը, Ապագա, Գայ, Հովտամեջ, Խորոնք, Հայթաղ համայնքների համայնքապետերը:
Արագածոտնի մարզի Թալինի և Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն անցկացրել են «Վարվելակերպի կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով դասախոսություններ Ապարանի թիվ 1, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Փարպիի, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցներում, Ապարանի և Փարպիի մանկապարտեզներում։
Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում և միջնակարգ դպրոցում փրկարարական վարչությունը կազմակերպել է վարժանք «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Միջնակարգ դպրոցի անձնակազմն ու աշակերտական կազմը տարահանվել ու պատսպարվել է դպրոցի նկուղում։ Դպրոցի նկուղի ընդհանուր մակերեսը ամբողջությամբ բավարար է դպրոցի անձնակազմի և աշակերտական կազմի պատսպարման համար: Իրականացվել է համայնքի բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, համայնքի ղեկավար կազմին և բնակիչներին առաջարկվել է նկուղներում առկա գույքը և միջոցները վերադասավորել՝ պատսպարման համար պիտանի մակերեսը առավել արդյունավետ օգտագործելու համար, իսկ օդային տագնապի ազդարարումը ամբողջ համայնքում լսելի դարձնելու նպատակով՝ ձեռք բերել ավելի հզոր շչակ կամ տեղադրել ևս մեկը։