Իր 50-րդ անհատական ցուցահանդեսը Վալմարը բացում է ծննդյան նախօրեին՝ ոչ պաշտոնական ու ջերմ միջավայրում՝ միայն ամենամտերիմներին ներկայացնելով այն, ինչ ապրել, վերապրել է նախորդ՝ չափազանց ծանր տարում: «Պայքարը» նկարչի ապրիլյան թեմատիկ ցուցահանդեսների շարքից է, երբ գեղանկարչական տասնյակից ավելի ստեղծագործություններ ներդաշնակվում են ոչ միայն ընդհանուր գաղափարով, կոմպոզիցիոն միասնությամբ, ներաշխարհի զգայուն թրթիռներով, այլև դեպի լույսը անդիմադրելի ձգտումով:
Այս շարքը պետք է ցուցադրվեր դեռ նախորդ ապրիլին՝ համավարակը խանգարեց, իսկ աշնանը սկսվեց պատերազմը, և «Պայքարում» խտացան տարվա բոլոր մեծ ցնցումները:
44 տարի առաջ Իգիթյանի ժամանակակից արվեստի թանգարանում բացված իր առաջին ցուցահանդեսից առ այսօր Վալմարի կտավներն առավելապես ներկայացվել են արտերկրում՝ ցուցադրվել Եվրոպայի, Միջին Արևելքի, Ամերիկայի, Ֆրանսիայի և Կանադայի ամենահեղինակավոր պատկերասրահներում: Այսօր էլ հաճույքով է հիշում ֆրանսահայ հայտնի հավաքորդ Գարիկ Պասմաճյանի հրավերը և փարիզյան ստեղծագործ շրջանը: Գրեթե կեսդարյա ստեղծագործական ընթացքն արդեն վաղուց կենսակերպի է վերածվել:
Մարդկային հոգու խորքերը փորփրելու, այնտեղ նորանոր խտացումներ, անտեսանելի շերտեր գտնելու պահանջը Վալմարին մղում են ոգեղենության մի նոր աստիճանի, երբ հավատն առ Արարարիչն ու մարդը ստիպում են ամենամեծ երջանկությունը փնտրել մարդու մեջ և հավատալ ազգային վերածննդին:
«Պայքարի» ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի վերջ, իսկ վաղն արդեն գեղանկարիչը նոր ոգեշնչմամբ կկանգնի նկարակալի առջև՝ հույով, որ հաջորդ ապրիլյան ցուցադրությունը շատ ավելի լավատեսական կլինի, և վերստին կհաջողվի կամրջել անցողիկ վայրկյանը հավերժի հետ: