Հայկական փոստի ազգային օպերատորը որոշել է մուտք գործել ավիաբեռնափոխադրումների շուկա նոր՝ «Հայփոստ Էյր» դուստր ընկերությամբ: Աշխարհում լավագույն փոստային ծառայությունները վերածվում են տարբեր շուկաներում աշխատող հոլդինգային ընկերությունների՝ նշում է «Հայփոստի» գլխավոր տնօրենը: Իրենք նույնպես սկսել են հոլդինգի ստեղծումը:
Հայկ Կարապետյան («Հայփոստի» գլխավոր տնօրեն) - Ինովացիոն ընկերություն ունենք, դուստր ձեռարկություն ԱՄՆ-ում, Չինաստանում դուստր ձեռնարկությունը կբացվի մինչև մայիսի վերջ, ունենք «Հայփոստ» կրեդիտ կազմակերպություն, որը լիցենզավորում է անցնում, և սկսելու ենք վարկեր տրամադրել, և «Հայփոստ Էյր»-ը մյուս քայլն է, որը մենք, ըստ մեր ռազմավարության, պետք է անեինք:
Նախնական շրջանում ավիաբեռնափոխադրումները կիրականացնեն երկու ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան ու Չինաստան: Հետագայում շուկան կթելադրի՝ էլ ո՛ր ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել: Նախատեսում են փոխադրել ամեն բան՝ գյուղմթերքից մինչև տեքստիլ արտադրանք:
Հայկ Կարապետյան - Մենք ունենք բավականին մեծ շրջանառություն Ռուսաստանի հետ, դա գլխավոր գործընկերն է, երկրորդը՝ Չինաստանը. ինչո՞ւ, որովհետև այլ ուղղությունները փակ են, այսինքն՝ Թուրքիայի հետ առևտուրն այս պահին փակ է
Բեռնափոխադրման գինը ևս կորոշի շուկան, բայց այն մրցակցային է լինելու, որ «Հայփոստ Էյր»-ը դաշտում իր տեղը գտնի՝ վստահեցնում է Կարապետյանը:
Հայկ Կարապետյան - Ունենք արդեն մեկ ինքնաթիռ և միաժամանակ բանակցում ենք տարբեր ընկերությունների հետ, որպեսզի այդ պարկն ընդլայնենք:
Մոտ օրերս նախատեսում են դիմել Քաղավիացիայի կոմիտե, որ չվերթերն իրականացնելու թույլտվություն ստանան: Սկզբնական շրջանում մեկ, հետո՝ երեք ինքնաթիռով բեռնափոխադրումները կիրականացնեն Հայաստանից այլ երկիր և հակառակ ուղղությամբ:
Հայկ Կարապետյան - Պիտի ֆինանսական հստակ մոդելն ունենանք, որը թույլ կտա կազմակերպությանը բացասական արդյունքով չաշխատել: Եվ լուծել մեր առջև ունեցած բոլոր խնդիրները՝ կապված լոգիստիկ անվտանգության և մեր երկրի փոստի էֆեկտիվ փոխանակման հետ, և, ընդհանրապես, կկարողանանք արտահանմանը այսկերպ աջակցել:
Նախատեսում են «Հայփոստի» նշանով առաջին բեռնափոխադրող ինքնաթիռն օդ բարձրացնել առաջիկա 6 ամիսներին՝ վստահ լինելով, որ սա ևս մեկ քայլ է՝ հասնելու մեր երկրի լոգիստիկ խնդիրների լուծմանը: