Ապրիլի 8-18-ը Երևանի «Թերլեմեզյան» ցուցասրահում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի «Պատերազմի աչքերը» ցուցահանդեսը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմին։
«Ես հիմա գիտակցում եմ՝ պատերազմի լուսանկարչի առաքելությունը պիտի լինի պատերազմի դաժանությունը ցույց տալը։ Մարդկային կյանքերը կործանվում են, աշխարհը պիտի հասկանա՝ մարդ սպանելը մեծագույն սխալ է։ Կոնկրետ իմ գործառույթը Ստեփանակերտում և շրջաններում ավերածությունները նկարելն էր, նաև ժամանակին լրատվականներին ուղարկելը։ Գիտակցում էի, որ պատմություն է կերտվում, որ իմ լուսանկարներին սպասում են։
Զինվորներին միշտ կարոտում էի ու ուզում նրանց նկարել, ստացվեց՝ գնացի դիրքեր։ Բայց որպես հրետանավոր՝ հասկանում էի՝ պիտի աննկատ լինեմ, չխանգարեմ։ Հետևում էի իրենց, լուսանկարում։ Իսկ քաղաքացիների դեպքում հիմնականում ինձ չէին էլ նկատում։ Իրենց դարդն այդ պահին ես չէի։ Հենց սկզբից որոշել էի, որ ցուցահանդես կանեմ։ Ու վստահ էի՝ այդ ցուցահանդեսը կլինի մեր հաղթանակի մասին»։
Դավիթը ծնվել է Ստեփանակերտում։ Աշխատում է որպես լուսանկարիչ ու դերասան Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում։ Ծառայությունն ավարտելուց հետո որոշել է լուսանկարչությամբ զբաղվել։ Հիմա արդեն համագործակցում է արտասահմանյան լրատվամիջոցների հետ, լուսաբանում Արցախի հետպատերազմյան կյանքը։ Ստեփանակերտից ու, առհասարակ, Հայաստանից հեռանալու մասին միտքը բացառում է։
Սեպտեմբերի 27-ին տանն է եղել՝ քնած․ «Առավոտ շուտ սկսվեց ամեն ինչ, կինս արթնացրեց։ Վեր կացա, ձայներն արդեն ծանոթ էին․․․ Հասկացա, որ կռիվ է սկսվել, դուրս եկա պատշգամբ ու տեսա՝ քաղաքի տակ մի քանի տեղից ծուխ է բարձրանում։ Նույնը Ապրիլյանին էլ էինք տեսել։ Իհարկե այն ժամանակ այսքան սարսափելի չէր, պայթյունները քաղաքին այդքան մոտ չէին։ Միանգամից հավաքվեցի, գնացի զինկոմիսարիատ, 8։30-ին՝ հենց լուսաբացին շարժվեցինք։ Բայց ինձ հետ կանչեցին, գնացի Արցախի տեղեկատվական շտաբ․ ասացին, որ որպես լուսանկարիչ անհրաժեշտ եմ։ Առաջին օրվանից սկսեցի նկարել ավերածությունները։ Բայց դիրքեր էի ուզում գնալ։ Պահ էր գալիս՝ մտածում էի, որ ֆոտոն կթողնեմ ու կկռվեմ։ Հետո արդեն հասկացա լուսանկարչի գործիս կարևորությունը»։
Ցուցասրահում ենք, Դավիթը մի պահ դադարում է խոսել, չեմ ուզում խաթարել լռությունը, ինքս էլ փորձում եմ ժողովել մտքերս․ Դավի՛թ, իսկ կի՞նդ՝ հարցնում եմ։
«Երբ պատերազմը սկսվեց, կինս հղի էր։ Ապրիլյանի ժամանակ չէր ուզում գնամ։ Բայց ինձ գիտեր, գիտեր, որ գնալու եմ։ Այս անգամ արդեն լուռ նայում էր՝ ոնց եմ շորերս հավաքում․ հաջող արեցի, դուրս եկա»։
Առաջին օրերին եղել է Հադրութում, հետո արդեն Մարտակերտում, Մարտունիում, Ստեփանակերտում, Շուշիում, Քարինտակում։ Վերջին լուսանկարներն արել է Շուշիում՝ նոյեմբերի 9-ին։ «Վերջին օրերին ձեռքս չէր բարձրանում նկարել։ Եթե արտասահմանյան լրագրող լինեի, երևի կնկարեի։ Բայց հայ եմ․ դա իմ ցավն էր, չէի կարողանում»։
Իսկ առաջին նկարը Ստեփանակերտում է արել՝ սև ու սպիտակ։ «Սա առաջին լուսանկարն է՝ մանկասենյակ, առաստաղից խաղալիք զինվորներ են կախված․․․ խորհրդանշական էր։ Անգույն է, որովհետև պատերազմը գույն չունի»։
Պատերազմից 3 օր անց ընտանիքի անդամներին ուղարկել է Երևան, բայց հայրը չի գնացել։ «Հայրս չգնաց առանց ինձ։ Վարսավիր է, ընթացքում վարսավիրանոցը բացում էր, որ դիրքերից եկած տղաների մազերը կտրի, ասում էր՝ գոնե այդպես օգնեմ»։
Ակամայից մտածում եմ՝ իսկ վա՞խը։ Պարադոքս․ պատերազմից վախենալ է պետք, պատերազմից պետք է փախչել, իսկ Դավիթն ու հայրը այդ օրերին, առհասարակ, ողջ հայությունը նետվում էր արհավիրքին ընդառաջ․ պատերազմը ինչ-որ «հրաշքով» բթացնում է զգացմունքներն ու բնազդները։
«Մինչև պատերազմը չէի մտածում վախի մասին, բայց այդ օրերին շատ բան զգացի։ Վախը կար․ արկերն ամենաանհավանական տեղերում էին ընկնում։ Առաջին 5 օրն էր դժվար, հետո հասկացա՝ ինչ լինելու է՝ կլինի, իսկ ես պարտավոր եմ հասցնել ամենը նկարել»։
Ցուցահանդեսին 100 նկար էր ներկայացված, սակայն դրանք անհամեմատ ավելի շատ են։ Դավիթն ասում է, որ էլի ցուցադրություններ պիտի լինեն՝ ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ արտերկրում․ «Մարդիկ ամբողջ աշխարհում գոնե նկարների միջոցով պիտի հասկանան՝ ի՛նչ տեղի ունեցավ Արցախում, ու ինչպե՛ս իրենք լռեցին»։ Ցուցահանդեսը երկու մասից էր բաղկացած՝ մի սրահում զինվորականներն էին, դիրքերը, մարտական գործողությունները, մյուս սրահում՝ քաղաքացիները, «կարևոր էր ցույց տալ ոչ միայն տղերքի սխրանքները, այլև խաղաղ ժողովրդին»։
«Գնացել էի ավերված մի տուն նկարելու, որտեղ միանգամից երեք մարդ էր մահացել․ լռություն էր, փրկարարները լուռ աշխատում էին։ Մահացածների հայրն էր այնտեղ՝ գլուխը ձեռքերի մեջ առած․․․ Դա բոլորիս ցավն էր։ Նկարելիս մտածում էի՝ իսկ եթե դա մեր տունը լիներ, եթե իմ հարազատը լիներ։ Այդ տունն այնպիսի տեղում էր, որ կողքը ռազմական օբյեկտ չկար, սովորական սեփական տուն էր, ուղղակի որոշել էին հողին հավասարեցնել»։
«Իսկ էստեղ կինը ավերված տան բակում աշխատում է, սմերչ էր ընկել, բայց շարունակում էին ապրել։ Իվանյան գյուղն է, հենց պատերազմի երկրորդ օրը խփել էին»։
«Հերթական հրադադարի օրն էր, քաղաքում շարժն ավելի շատ էր, ուզում էի դիմանկարներ անել, ու թե ինչպես են մարդիկ ապրում։ Քաղցրավենիքի հոտ առա, զարմացա՝ այս օրերին որտեղից, մեկ էլ տեսնեմ քաղցրավենիքի խանութում մի կին փախլավա է պատրաստում․
«Մայրիկ ջան, էս նեղ պահին ի՞նչ փախլավա»։
«Մատաղ, ապաստարանում լրիվ տխուր են։ Տանեմ՝ մի լավ բան ուտեն, ուրախանան»։
«Կհիշեք, պատերազմի առաջին օրերին ծնված Մոնթեն է ու մայրը։ Ամսի 28-29-ն էր։ Դեռ ժամանակը չէր, որ երեխան ծնվեր։ Լուսանկարի կինը Մատաղիսից էր, քանի որ հրետակոծությունները այնտեղ ինտենսիվ էին, որոշել էին հարևանի ավտոյով գալ Ստեփանակերտ։ Կինը պատմեց՝ ճանապարհին ավտոյի մոտ արկ է ընկել, շուռ են եկել ձորը, ձեռքը ջարդվել էր, մի կերպ հանել են ավտոյից, ուրիշ ավտոյով հասցրել Ստեփանակերտ, երեխային, բարեբախտաբար, կարողացել են փրկել։ Կինն անընդհատ պատուհանից դուրս էր նայում, չգիտեինք՝ ինչու, պիտի որ ուրախ լիներ՝ երեխան փրկվել է։ Հետո պարզվեց՝ ամուսինն առաջնագծում կռիվ է տալիս․ մտքով էնտեղ էր»։
«Սա Շուշիի ապաստարաններից մեկն է, երեխան դաս էր անում, բոլորը՝ տխուր, ինքը՝ անհոգ»։
Հարցնում եմ Դավիթին ամենածանր օրվա մասին (հետո եմ հասկանում՝ հարցս անտեղի էր․ պատերազմի ժամանակ երևի թեթև օրեր չեն լինում)։
«Հոկտեմբերի 4-ն էր, Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկի վրա ավիառումբ էր ընկել։ Վատ էի զգում մտքից, որ կարող էի օգնել, բայց կողքից ընդամենը ֆոտոներ էի անում․․․ Քարացել էի, փորձում էի սառնասիրտ լինել։ Փրկարարներին էի նկարում, ոտքիս տակ փափուկ բան զգացի, տեսա՝ ոտնաթաթ, դա մարմնի ամենամեծ մասն էր, որ մարդուց մնացել էր։ Երևի ամենածանր օրն էր»։
Հետո նորից լռում է, երևի փորձում հիշել։ Հայացքով բռնում է ցուցասրահի ամենավերջում կախված նկարը։ Պտտվում եմ՝ հենց այն նկարն է․ պատերազմի օրերին երևի չկար մի հայ, որ «Նյուզֆիդում» դրան պատահած չլիներ։
«Գնում են մարտի․․․ Էստեղ մեծ խորհուրդ կա՝ խաչը մեջքին, լույսերի մեջ։ Դեպի Սղնախ են գնում՝ դիրքավորվելու։ Նոր եմ հասկանում, որ Քարինտակի վերջին լուսանկարներն եմ արել։ Դեռ մեր վերահսկողության տակ էր։ Սղնախից ադրբեջանցիներն իջնում էին, մենք էլ զորքի հետ գնում էինք ընդառաջ։ Շրջվեցի, տեսա Քարինտակը՝ իր ողջ գեղեցկությամբ, լուսանկարեցի․ 2 օր հետո մեր վերահսկողությունից դուրս եկավ։ Հիմա որ մտածում եմ․․․ էլի ծանր օրեր էին»։
Ծանր էր նաև հետո՝ նոյեմբերի 9-ից հետո էլ․․․
«Տուն վերադարձա․․․ Առաջին 20 օրը ահավոր էր․ երազներ էի տեսնում՝ ավերածություններ, այրվող տներ, հիմա էլ դեռ տեսնում եմ, բայց՝ ավելի քիչ։ Շատ բան փոխվեց իմ մեջ, ես ներքուստ դեռ էնտեղ եմ՝ պատերազմում»։
Պատերազմն ավարտվել է, ավելի ճիշտ՝ պարզապես կրակոցներն են դադարել։ Զինվորներին այլևս դիրքերում տեսախցիկով «խանգարելու» կարիք չկա։