Արիզոնայի Սքոթդեյլ և Կալիֆոռնիայի Բրբենք քաղաքները հատուկ հռչակագրեր են ընդունել, որոնցով Ապրիլի 21-ը հռչակել են Հայ նահատակների և Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր։ Սքոթդեյլի քաղաքային խորհուրդը հռչակագրում արձանագրել է, որ քաղաքը միանում է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանն ու վերահաստատում նվիրվածությունն արդարադատության հավասարության սկզբունքին և հույս հայտնում, որ վայրագություններն ու սարսափներն այլևս չեն կրկնվի։ Բրբենքի քաղաքային խորհրդի հռչակագրում գրված է, որ քաղաքը հիշում է հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները՝ ապագայում ցեղասպանության կրկնությունը բացառելու ակնկալիքով։