Վարորդական իրավունքի քննությունները բարդանում են, փոխարենը արդյունքը անհամեմատ բարձրանում է: Վարորդական վկայական ստանալու տեսական ու գործնական քննությունները տարեսկզբից փոփոխությունների էին ենթարկվել:
Ճանապարհներին հմուտ վարորդներ ունենալու համար Կառավարությունը քննական ծրագրում ևս մեկ փոփոխություն է իրականացրել: Տեսական ու գործնական քննություններն առաջին անգամ տապալած քաղաքացիները կարող են կրկին գնալ քննության առաջին փորձից միայն 7 օր անց, երկրորդ անգամ և դրան հաջորդող դեպքերում չհանձնելուց հետո թեկնածուները ստիպված կլինեն կրկին փորձելու համար սպասել 1 ամիս:
Ոստիկանությունում ուսումնասիրել-պարզել են՝ քննությունները դրական հանձնող դիմումատուների թիվը տարեցտարի նվազում է:
2015-ին ներկայացված 40.000 դիմումից 38.000-ը դրական արդյունքով է եղել, 2016-ին՝ 44.000-ից 42.000-ն է վարորդական վկայական ստացել, 2017-ին 48.000-ից 46.000-ը, 2018-ին 37.000-ից 25.000-ը, 2019-ին 62.000-ից վկայական է ստացել 28.000 վարորդ, 2020-ին 53.000 դիմումից 26.000 դրական արդյունք:
Փողով վարորդական վկայական գնելու դեպքերի կտրուկ նվազմանը զուգահեռ ՃՈ իրավաբանական բաժնի պետը նման դինամիկան կապում է թեկնածուների՝ հարցին անլուրջ մոտենալու հետ:
Հայկ Վարդանյան (ՀՀ ՃՈ իրավաբանական բաժնի պետ) - Քանի որ օրենսդրությամբ սահմանված չէր արգելք վարորդական վկայականի տեսական կամ գործնական քննությունը հանձնելուց հետո կրկին հանձնելու հնարավորությունը, վարորդի թեկնածուն իրավունք ուներ ցանկացած պահի և նույնիսկ քննությունը ձախողելուց հետո անմիջապես մասնակցել նոր քննությանը:
Ուսումնասիրել են նաև միջազգային փորձը. առաջադեմ երկրներում բացառվում է քննությունը տապալելուց հետո անմիջապես նոր փորձ ձեռնարկել՝ նկատում է Հայկ Վարդանյանը:
Հայկ Վարդանյան - Տրամաբանությունը հետևյալn էր. եթե վարորդն առաջին անգամ ձախողել է քննությունը, հետևաբար նրա պատրաստվածությունը տվյալ քննությանը ավելի ցածր է, ուստի անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որ նա նորից պատրաստվի կամ վերստուգի իր գիտելիքները և նորից փորձի վարորդական վկայականի քննություն հանձնել:
Սահմանափակումների բացակայության պայմաններում վարչական ռեսուրսը ծանրաբեռնվում էր, տուժում էին այն քաղաքացիները, որոնք ևս ակնկալում էին քննություն հանձնել: Որոշումն ուժի մեջ կմտնի հունիսին: