Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ապրիլի 12-19-ը անցկացվել է արդեն ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը: Ամենամյա ծրագիրը հագեցած էր մշակութային և կրթական միջոցառումներով:
Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված և գրադարանի նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսներով:
Գրական հանդիպումների շրջանակում կազմակերպվել են Մարկ Լևիի և Հրաչյա Մանուկյանի գրքերի քննարկումները:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում (Զինվորի տուն) տեղի է ունեցել Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորների հանդիպումը երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանի հետ. քննարկվել է նրա «հակաՔԱՂԱՔական» գործը:
«Տարվա հոբելյար» խորագրով անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի 100-, Ալեքսանդր Սպենդիարյանի 150- և գրող, մանկագիր Նանսեն Միքայելյանի ծննդյան 90-ամյակներին:
Շաբաթի շրջանակում անցկացվել են նաև տեսապատկերներով անգլերեն ինտերակտիվ խաղ-մրցույթ, երգերի կոլեկտիվ ունկնդրումներ, հեքիաթների ընթերցումներ դերասան Ստ. Շահինյանի կատարմամբ: Իրականացվել են փոխայցելություններ մայրաքաղաքի գրադարաններ: