Ինքնակամ շինությունն օրինականացնելու 27 հազար դիմում է ստացել Երևանի քաղաքապետարանը: Դրանք կարդալու, մերժել կամ հաստատելու համար ճարտարապետության վարչության աշխատողները, պարզվում է, բավարար չեն: Ավագանու նիստին քաղաքապետի խորհրդականն առաջարկեց մեծացնել հաստիքացուցակը:
Դավիթ Ճգնավորյան, Երևանի քաղաքապետի խորհրդական - Մեզ պետք են լրացուցիչ աշխատակիցներ՝ բարձր որակավորմամբ:
Առաջարկը դահլիճն ընդունեց տարբեր հաշվարկներով. եթե օրն անգամ 100 դիմում նայվի, պատասխանի համար մեկ տարի պետք կգա՝ արձագանքեց Միքայել Մավրիկյանը: Հարցի լուծում չէ:
Միքայել Մանրիկյան, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ - Համոզված եմ, այդ ինքնակամների 90 տոկոսը կարող է մերժվել, 90 տոկոսը դիմելու է դատարան, հաստիքացուցակը պետք է ավելացնել նաև իրավաբանականում:
Ըստ «Բարգավաճ Հայաստանի»՝ ավագանու անդամն ահազանգեց նաև, որ Երևանում այնքան նոր շենք ու բնակարան է կառուցվում, կոյուղու գործող համակարգը չի հասցնում սպասարկել ու վթարները շատացել են: Ինքնակամների մեծ մասը տաղավար, ավտոլվացման կետ և այդ տիպի կառույցներ են: Ավելին՝ մեծ մասը խաբեությամբ է փորձում հարց լուծել՝ հայտարարեց «Իմ քայլի» ներկայացուցիչը: Գուցե դիմումի հետ ինքնակամի նկարը պահանջենք՝ ասաց:
Լևոն Զաքարյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ - Մարդիկ դիմումը մուտք են անում, հետո կառուցում, ինչո՞ւ, որ շուտ դիմեն դատարան ու մենք չկարողանանք քանդել:
Ինքնակամը մեղմ ձևակերպում է, ավելի ճիշտն ապօրինի ասելն է՝ արդեն կառուցված շինությանը թույլտվություն տալու քննարկմանը միացավ Հայկ Մարությանը; Իրավիճակը բնորոշեց որպես քաոսային: Պնդեց, որ իրավիճակն ինքն անձամբ փորձել է կարգավորել քաղաքապետ ընտրվելուց երկու ամիս անց՝ նախագիծ ներկայացնելով Կառավարություն:
Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ - Որոշման մեջ փոխել պետական և համայնքային հողերի վրայի շինության հարցը, այն է՝ դա չօրինականացվի: Ցավոք սրտի, դեռևս արձագանք չունենք:
Ապօրինիների մասին կարծիքները տարբեր էին, վերաբերմունքը՝ միասնական: Հարցը լուծող թիմը մեծացնելու նախագիծն ավագանին միաձայն ընդունեց, քաղաքապետը զարմացավ՝ աշխատող ավելացնենք՝ քննադատող չլինի՞: Քննադատություն հնչեց երևանյան կայանատեղիների թեմայով. ինչո՞ւ են Շահումյան հրապարակում նորից մեքենաներ կանգնում՝ բողոքեց Հռիփսիմե Առաքելյանը:
Հայկ Մարության - Այնտեղ, ինչպես գծված է՝ դեղին գույնով, արգելված է, պետք է չթույլատրվի:
Եթե ոստիկանությունը դրանք դուրս բերի, այս ընկերությունները կգան և մեզնից ծառայողական ավտոկայանատեղի կգնեն:
Եթե արգելենք ավտոները մայթերին կայանել, գոնե խոշոր ընկերությունները ծառայողական կայանատեղի կգնեն՝ մեկ մեքենայի համար 300 հազար դրամով՝ տեսակետ հնչեց ավագանու նիստում: Քաղաքապետը խոստովանեց՝ կայանման մասով վիճակը մայրաքաղաքում վատացել է: Պետք է վերջապես լուծել նաև Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը: Երկու օր առաջ է տարածք այցելել՝ տպավորություներով կիսվեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արմեն Ներսիսյանը:
Արձագանքը կարճ էր. Նուբարաշենում թաղված ДДТ-ն կոշտ թափոն չէ: Հարցը՝ Երևանի լուծելիքը չէ: