Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը եղել է ամենանշանավոր հայկական միջնակարգ դպրոցը, որը բացառիկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Սա կովկասում հայկական առաջին դպրոցն է, որը գործել է մի ամբողջ դար:
Ներսիսյան դպրոցի շենքը Թբիլիսիում կրկին կրթական հաստատության հասցե է: Այստեղ հիմա Կովկասյան համալսարանն է՝ 5 000 ուսանողով:
Սվետլանա Քևխիշվիլի (Կովկասյան համալսարանի ռեկտորի գրասենյակի ղեկավար) - Համալսարանի ղեկավարությունը թողել է կառույցն այնպես, ինչպիսին եղել է. անցած դարասկզբին կառուցված հատակի խճանկարն է, վիտրաժը ևս պահպանվել է:
112 տարի առաջ կառուցված շենքում, Սվետլանա Քևխիշվիլիի խոսքով, գրեթե ոչինչ չի փոխվել՝ միայն փոքր վերակառուցումներ:
Սվետլանա Քևխիշվիլի - Ուշադրություն դարձրեք աստիճաններին, մի քիչ վնասված էին, դրանք ևս վերակառուցվեցին, որ հարմար լինի բարձրանալը: Չի խաթարվել պատմական շենքը, ճարտարապետությունը: Քարերի խճանկարի՝ ևս մեկ գեղեցիկ պատառիկ:
Սա 1824-ին հիմնադրված Ներսիսյան դպրոցի վերջին շենքն է, կառուցվել է 1909-ին: Կրթօջախի կառուցման ծախսն իր վրա է վերցրել գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը՝ գրելով կաթողիկոսին, որ երջանիկ է այդ հնարավորության համար:
Լևոն Չիդիլյան (Վիրահայ հասարակական գործիչ) - Սրանք դպրոցի երեք շենքերն են՝ սա հենց Աշտարակեցու կառուցած շենքն է, որտեղ մինչև 1859-ը գործել, հետո տեղափոխվել են դպրոցից 200 մ վերև, մյուս շենքը, որ մինչև 1912 թվականն է գործել, և 12-ից 24-ը գործել է այս շենքը:
Հայ առաքելական եկեղեցուց Ներսիսյան դպրոցի շենքն առգրավվել է խորհրդայնացման ժամանակ, վաճառվել է վերջին տարիներին: Լևոն Չիդիլյանն ուրախ է, որ կառույցը վերաբացվել է որպես կրթական հաստատություն:
Լևոն Չիդիլյան - Այս շենքը մեզ համար, Ներսիսյան դպրոցը մեզ համար սրբավայր է, մեզ համար առանձին տեղ ունի: Տուֆը բերվել է Հայաստանից, ճարտարապետությունը հայկական է, ընդգծված է շենքի դերն ու վայրը:
Ներսիսյանցիները դրեցին մի ամբողջ մշակույթի հիմք: Դպրոցը փակվելուց հետո էլ չդադարեց նրանց գործունեությունը մինչև 80-ականները:
Լևոն Չիդիլյան - Նոր հայկական մշակույթը ձևավորվել է Ներսիսյան դպրոցի ուսուցիչների և սաների շնորհիվ, հայտնի հայեր սովորել են այնտեղ: Առաջին հայտնի տեսուչը եղել է Ալամդարյանը՝ ժամանակի ամենալուսավոր դեմքերից մեկը, որ աքսորվեց և եղերաբար սպանվեց: Սողոմոն Թեհլերյանն է այստեղ սովորել 1915-ին:
Սվետլանա Քևխիշվիլի - պատմական հիանալի այս շենքը ժամանակին եղել է հայկական ճեմարան, հիմա Կովկասյան համալսարանը շարունակում է ավանդույթները:
Բիզնեսից մինչև կառավարում, միջազգային հարաբերություններ ու բարձր տեխնոլոգիաներ՝ 10 ֆակուլտետում վրացի ուսանողներից բացի սովորում են նաև երիտասարդներ հարևան երկրներից, նաև՝ Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից: