«Արի գյուղ. գյուղում կյանք կա» հեշթեգով երևանցի Անահիտ Գևորգյանը մարտահրավեր է նետում քաղաքաբնակներին: Մշակույթի և IT ոլորտներում բազմազբաղ հայուհին հիմնական բնակություն կհաստատի Արևշատում, երբ այստեղ կառուցի իր տունը: Իսկ առայժմ՝ փորձում է ակտիվացնել գյուղաբնակ երեխաների կյանքը, որպեսզի դադարեն մտածել գյուղը լքելու մասին:
Անահիտ Գևորգյան (Data Foundry Armenia Labs ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար) - Երեխաներից մեկին հարցրի՝ երազանքդ որն է, ասաց՝ գյուղից դուրս գամ, այստեղ հետաքրքիր չէ կյանքը: Իմ օրինակով ասացի՝ Երևանից եկել եմ, որ գյուղում ապրեմ, IT սենյակ չունեինք՝ հիմա ունենք...
Սկսեց IT դպրոցից, որի անհրաժեշտությունը զգաց երեխաների հետ զրուցելուց հետո: Դպրոց հիմնելու նախաձեռնությանը միացան նաև Անահիտի ընկերուհիները, որոնք դասավանդման փորձ էին կուտակել Արցախից տեղահանված երեխաների հետ աշխատելով: ՏՏ ոլորտում անվճար գիտելիք ստանալու մասին լուրը արագ տարածվեց գյուղում: Երեխաներից մեծ ջանքեր չպահանջվեց՝ համոզելու ծնողներին:
Սեդա Պապոյան (Girls in Tech ընկերության Հայաստանի մասնաճյուղի ղեկավար) - Լեզուն շատ պարզ է՝ հասկանալի նույնիսկ 7 տարեկանին. ծրագրով կարողանում են շատ հետաքրքիր բաներ կառուցել. 7-8 դասից հետո երեխան իր նախագիծն է հանձնում:
Արևշատի ղեկավարությունը տեղ հատկացրեց երաժշտական դպրոցի շենքում, իսկ Անահիտի արտասահմանցի գործընկերներն IT դասարաններն ապահովեցին համակարգիչներով և ուսումնական գույքով: Նոր-նոր բացված՝ դպրոցն արդեն 60 սան ունի:
Երաժշտական դպրոցի դահլիճի մաշված մանրատախտակները հանել, նոր հատակ են ամրացնելու: Փորձելու են կաթող տանիքը կարկատել, որ պաշտպանեն ռոյալները՝ անձրևաջրերից:
Հերմինե Գրիգորյան (Արևշատի երաժշտական դպրոցի տնօրեն) - Հուսով ենք՝ մայիսից լավ դահլիճ կունենանք, կոմունալ հարմարությոններ էլ կստեղծվի:
Հին գյուղը նոր գույներով կներկայանա այստեղ բնակվելու կամ գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկություն ունեցողներին:
Գեղամ Ավագյան (Արևշատի համանքապետարանի աշխատակից) - Ունենք պահուստային հողեր, տնամերձներ, ցանկացողները կարող են գալ, գնել, դառնալ մեր համայնքի բնակիչներ, ապրել նորմալ պայմաննեում:
Արի գյուղ՝ ասում են արևշատցիները քաղաքաբնակներին: Արի նորարար գաղափարներով ու համոզվիր, որ այստեղ էլ կյանք կա: