Սատուրացիան, թոքերի վիճակը, արյան ճնշումը նորմայի սահմաններում են, քրոնիկ հիվանդության սուր փուլ չէ՝ ուրեմն կարելի է պատվաստել: Պատվաստվելու մասին Պետրոսը 4-5 ամիս մտածել է: Հետո, ինչպես ինքն է ասում, կարդացել է, ուսումնասիրել ու որոշում կայացրել:
- Ո՞ր պատվաստանյութով եք պատվատսվել:
- Astra Zeneca. մեր տարիքային խմբին դա է հարմար: Իհարկե, կարդացել եմ, ուսումնասիրել եմ՝ ինչքան որ ինձ հասանելի էր: Որևէ վախ Astra Zeneca-ի նկատմամբ չունեմ:
Վախը միայն ասեղից էր: Մինչև այս սենյակ հասնելը սրտխփոցն էլ ավելի դանդաղ էր:
Պատվաստվելուց հետո քաղաքացին պետք է 30 րոպե պոլիկլինիկայում մնա՝ բժիշկների հսկողության տակ: Դրանից հետո ճանապարհում են տուն, կապը պահպանում, որպիսությունն իմանում, մինչև անցնի 2 ամիս, որ պատվաստանյութի երկրորդ դեղաչափն ընդունելու հրավիրեն:
Կորոնավարակի դեմ պատվաստումները Երևանում մեկնարկել են ապրիլի 13-ից, մարզերում՝ 14-ից: Երեկվա դրությամբ հանրապետությունում «Աստրազենեկայով» պատվաստվել է 250 մարդ:
Սվետլանա Գրիգորյան (ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ) - Ցանկացած նոր գործընթաց իր դժվարություններն ունի: Շատ է խանգարում նաև ապատեղեկատվությունը, որը տարածվում է տարբեր հարթակներում:
Այս փուլում պատվաստում նախատեսված է միայն ռիկսի 4 խմբի համար: Պոլիկլինիկաներից զանգահարում են, հրավիրում և անվճար պատվաստում կամավորության սկզբունքով:
Մինչև 55 տարեկան քաղաքացիների համար նախատեսված է ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը, 55-ից բարձր տարիք ունեցողների համար՝ Աստրա Զենեկա: Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայում արդեն 44 մարդ է պատվաստվել Աստրա Զենեկայով, այսօրվանից սկսեցին նաև «Սպուտնիկ V» պատվաստումները:
Ռուզաննա Վարդերեսյան (լրագրող) - Իմ ձեռքում այս պահին «Սպուտնիկ V» պատվաստանյութի մեկ սրվակ է, որով րոպեներ անց պատվաստելու են պոլիկլինիկայի գլխավոր բուժքրոջը: Այս սրվակը բուժքույրը հենց նոր հանեց սառնարանից, այն աբողջությամբ սառույցի կտոր էր: Ընդամենը րոպեների ընթացքում սա հալվում է, վերևում արդեն երևում է ձյունիկը, որը վերջինն է: Նույնիսկ վայրկյանների ընթացքում է հալվում, և հալվելուց հետո սա երկրորդ անգամ սառեցման ենթակա չէ: Եթե չեն պատվաստում, ուրեմն պատվաստանյութն արդեն օգտագործման ենթակա չէ:
«Սպուտնիկ V»-ի յուրաքանչյուր սրվակ սառնարանից հանելուց հետո կիրառելի է ընդամենը 6 ժամ:
Պոլիկլինիկայի գլխավոր բուժքույրերը հենց մեր տեսախցիկի առաջ ցանկացան պատվաստվել, որպեսզի հանրությանն ապացուցեն՝ պատվաստումն անվտանգ է և անհրաժեշտ:
Նաիրա Մարգարյան (Սուրբ Գր. Լուսավորիչ պոլիկլինիկայի մանկական բաժնի ավագ բուժքույր) - Մարդիկ պետք է գիտակից մոտենան, գան ստանան և հանգիստ ապրեն, որովհետև էս լարված մեկ տարվա կյանքը ցույց տվեց, որ լարվածության մեջ ապրել և պատվաստվել ու առանց լարվածության ապրել, բավականին արժեք ունի:
Սվետլանա Գրիգորյան (ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ) - Ներկա պահին բոլոր պատվաստանյութերը համաշխարհային 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր դեպքերը, ծայրահեղ ծանր դեպքերը և մահվան դեպքերը:
Ի դեպ, մեր տեսախցիկը ֆիքսել է «Աստրազենեկայով» պատվաստվածներին՝ պատվաստումից 30 րոպե անց: Բոլորն իրենց լավ էին զգում: Սպասում էին բժիշկների թույլտվությանը, որպեսզի տուն գնան: Հիվանդությունների վերահսկման կենտրոնից էլ հավաստիացրին. Հայաստանում մինչև օրս թե՛ «Սպուտնիկ V»-ով, թե՛ «Աստրազենեկայով» պատվաստված որևէ քաղաքացու մոտ արտառոց դեպք չի արձանագրվել: