Հադրութում հոկտեմբերին վիրավորված Արմեն Հակոբյանը բժշկական փորձաքնության երկրորդ անգամ է մասնակցում: Պատերազմում արկի պայթյունից կորցրել է երիկամը:
Ալլա Հակոբյան, զինծառայողի մայր - Մի անգամ դիմել ենք՝ մերժվել է, բողոքարկել ենք: Պատճառաբանում են, որ մյուս երիկամը գործում է, չեն տալիս երրորդ կարգ:
Վիրավորվելու փաստը դեռ հաշմանդամության խումբ ստանալու հիմք չէ՝ զինվորին հետազոտած վիրաբույժի եզրակացությունն է:
Արտակ Գրիգորյան, փորձաքննության վիրաբույժ - Զինծառայողը վիրավորվել է պատերազմական գործողությունների ժամանակ, կատարվել է որովայնի վիրահատում, հեռացվել է մեկ երիկամը: Վնասվածքներն այն աստիճան խորը չեն, որ հիմք հանդիսանան ՀՀ օրենքով զինծառայողին հաշմանդամ ճանաչելուն:
44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորված, բժշկական փորձաքննություն անցած 1400 անձից հաշմանդամության կարգ է ստացել 1060-ը, մերժվել 340-ը՝ սա ապրիլի 19-ի դրությամբ:
Ռիմա Եգանյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի գլխավոր մասնագետ - 105-ն ունեն հաշմանդամության առաջին խումբ, 321-ը՝ երկրորդ խումբ, 634 անձ ունի երրորդ խմբի կարգ:
Երրորդ խմբի քաղաքացիները, բացի իրենց կարգի կենսաթոշակից, օգտվում են նաև Կառավարության՝ միանվագ 500.000 դրամ սոցիալական օգնությունից:
Պատերազմի ժամանակ վիրավորված Արցախում բնակվող մեր հայրենակիցները փորձաքննություն անցնելու համար այլևս Գորիս կամ Երևան հասնելու հարց չեն ունենա: Դիվիզիայի բուժծառայության պետը, որը ևս պատերազմում վիրավորվել է, ապրիլի 1-ից կազմավորված Արցախի բժշկասոցիալական հանձնաժողովի նախագահն է: Փորձաքննություն իրականացնող Երևանի գործընկերների հետ վերապատրաստման դասընթացի են:
Ալեքսանդր Ղամբարյան, ԱՀ բժշկասոցիալական հանձնաժողովի նախագահ - Պատերազմի ժամանակ հանձնաժողով չկար: Հիմա մենք ամեն ինչ կանենք, որ մեր հայրենակիցների խնդիրը ժամ առաջ կարգավորենք:
Մինչև Երևան գալը մասնագետները Ստեփանակերտում հետազոտել են 10-ը քաղաքացու, 100-ն սպասում են: