ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ 9-րդ նստաշրջանում:
Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ձերդ գերազանցություն,
հարգելի գործընկերներ,
ուրախ եմ ելույթ ունենալ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Իր ստեղծման օրվանից Եվրանեսթը միավորող դեր է ունեցել Եվրամիության և Արևելյան գործընկեր երկրների միջև, և հուսով եմ՝ կշարունակի ունենալ, այսպիսով նպաստելով այն արժեքների առաջընթացին, որոնք Արևելյան գործընկերության անկյունաքարերն են:
Ես վստահ եմ, որ մենք պետք է շարունակենք առաջ մղել մեր ընդհանուր նպատակները՝ հարգելով և արդարացիորեն արժևորելով Վեհաժողովի յուրաքանչյուր անդամ երկրի կենսական շահերը և առաջնահերթությունները:
Կցանկանայի ընդգծել Հայաստանի և Եվրամիության միջև եղած համագործակցության կարևորությունը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ին: Համաձայնագիրը նոր, առավել բարձր մակարդակի է բարձրացնում Հայաստանի և Եվրամիության երկկողմ հարաբերությունները: Այն ընդգրկուն փաստաթուղթ է, որը երկու կողմերի միջև գործընկերության ամուր իրավական հիմք է ստեղծում, ուրվագծում է համագործակցության շրջանակը տարբեր ոլորտներում՝ արդարադատությունից, անվտանգությունից, տնտեսությունից, գյուղատնտեսությունից և ենթակառուցվածքներից մինչև շրջակա միջավայր և կլիմա, կրթություն, գիտություն, մշակույթ և առողջապահություն:
Մենք վստահ ենք, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը կհանգեցնի մեր քաղաքացիների համար շոշափելի արդյունքների՝ խթանելով ժողովրդավարությունը, ամրապնդելով քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունությունը լայնածավալ բարեփոխումներով, զգալիորեն կբարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը:
Այս առումով, Հայաստանի խորհրդարանն իր կարեւոր ներդրումը կունենա ոչ միայն աջակցելով գործադիրին Համաձայնագրի իրագործման ընթացքում, այլ նաև իրացնելով իր վերահսկողական գործառույթները: Մենք արդեն սկսել ենք իրականացնել Թվինինգ նախագիծը Հունաստանի և Իտալիայի խորհրդարանների հետ, որպեսզի զարցացնենք խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունները ՀԸԳՀ օրակարգի պատշաճ վերահսկողության համար:
Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ հիշատակել այն սկզբունքները, որոնք ամրագրված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով՝ վերահաստատող Եվրամիության հանձնառությունները՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և մոտեցումներին՝ ուժի չկիրառման, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկբունքների հիման վրա:
Այնուամենայնիվ, հենց վեց ամիս առաջ մենք ականատես եղանք Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքի կոպտագույն խախտման. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Արցախի դեմ: Չնայած բազմաթիվ փաստերին, որոնք ապացուցում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և վերջինիս հետ կապվող օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, նախապես ծրագրավորված էր, Ադրբեջանը ցայսօր ցինիկաբար մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ: Պատերազմ, որի ընթացքում հենց ինքն իրականացրել է աննախադեպ ծավալների հասնող բռնություններ և զանգվածաբար իրագործել պատերազմական հանցագործություններ: Օգտվելով հնարավորությունից՝ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի բոլոր այն անդամներին, ովքեր կանգնեցին ճշմարտության կողքին՝ դատապարտելով այդ գործողությունները:
Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևողական և միտումնավոր խախտումները շարունակում են լրջորեն խարխլել հայտարարության լիարժեք իրականացումը և առաջ են բերում նոր մարտահրավերներ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատելու և հայրենադարձելու պարտավորությունը միանշանակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Սակայն ադրբեջանական կողմը զանազան պատրվակներով շարունակում է անտեսել իր հանձնառությունները: Այդ մասին հայտարարում են նաև ԵԽ-ի հարգարժան անդամներ Մարինա Քալյուրանդը, Անդրեյ Կովաչևը և Ժելյանա Զովկոն, շեշտելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցը, համաձայն որի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր տեղեկություն տրամադրել կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի և նրանց վերադարձնելու ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ: Ցանկանում եմ պարզաբանել մեր եվրոպացի գործընկերներին, որ Ադրբեջանի այսպիսի գործողությունները լուրջ ռիսկեր են ստեղծում Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և կայունության ստեղծման համար:
Ավելին, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որով այն սնել է իր քաղաքացիներին տասնամյակներ շարունակ:
Այսպիսի այլատյացության և ատելության վարքագիծը պարզորոշ կերպով ցուցադրում է, որ Ադրբեջանը փորձում է լուծել վիճելի հարցերը բարբարոսական, այլ ոչ թե քաղաքակիրթ մեթոդներով:
Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին դատապարտել Ադրբեջանի անօրինական և պարսավելի գործողությունները: Ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը պետք է իրականացվի հնարավորինս շուտ, առանց նախապայմանների և արհեստականորեն ստեղծված խոչընդոտների:
Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս լուծված չէ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացված չէ: Մենք հաստատակամ ենք շարունակելու բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ես կոչ եմ անում բոլոր միջազգային գործընկերներին աջակցել այս ձևաչափի աշխատանքներին:
Հարգելի գործընկերներ, վերադառնալով Հայաստանի ներքին հարցերին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք ունենք անհրաժեշտ քաղաքական կամք՝ կազմակերպելու ազատ և արդար ընտրություններ, ինչպիսիք տեղի ունեցան 2018 թվականին: Հայաստանի բոլոր քաղաքացիները պիտի հնարավորություն ունենան կամարտահայտման և կազմավորեն ժողովրդավարական ձևով ընտրված կառավարություն, որն իշխանության միակ լեգիտիմ ուղին է: Հուսով եմ՝ ԵԽ-ն այլ միջազգային գործընկերների հետ միասին կիրականացնի ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություններ: Չնայած COVID -19-ից առաջացած բոլոր դժվարություններին եւ պատերազմին՝ Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են:
Շնորհակալություն ուշադրության համար»: