ԵԽԽՎ-ի լիագումար նիստում հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների ու տեղահանված անձանց հարցի քննարկումների շրջանակում ելույթ է ունեցել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
«Շատ կարևոր է ունենալ այնպիսի փաստաթուղթ, որն ընդգծում է մեր կազմակերպության ռազմավարական առաջնահերթություններն առաջիկա տարիներին: Այս զեկույցում շատ կարևոր է նաև ընդգծել մեր կազմակերպության առաջիկա խնդիրները: Մենք չպետք է մոռանանք մեր հիմնարար արժեքները, մարդու հիմնարար իրավունքները, որոնք նույնպես պետք է պաշտպանվեն, որոնք չի կարելի թերագնահատել նույնիսկ ներկա ճգնաժամի ժամանակ: Եվրախորհուրդը, ինչպես նաև Խորհրդարանական վեհաժողովը քաղաքական քննարկումների ու երկխոսությունների հարթակներ են, քաղաքական հասարակության ու ժողովրդավարական անվտանգության հիմքն են: Ցանկանում եմ ասել, որ այս կազմակերպությունը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտի կրկնությունը թույլ չտալու, մարդու իրավունքները պաշտպանելու, իրավունքի գերակայությունն ապահովելու և ժողովրդավարության սկզբունքները պահպանելու համար: Այն ստեղծվել է, որպեսզի չկրկնվի Հոլոքոստը՝ մարդկայնության դեմ հանցանքը»,- հայտարարել է Վլադիմիր Վարդանյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեմային՝ Վլադիմիր Վարդանյանը մասնավորապես ասել է.
«Ավելի քան 200 ռազմագերի գտնվում է Ադրբեջանում, և մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ նրանց կյանքը վտանգված է: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ սա քաղաքական հարց չէ: Սա մարդու իրավունքների ու ժողովրդավարության խնդիր է, և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն»,- հայտարարել է Վլադիմիր Վարդանյանը: