Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Մեկնարկին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Բաքվում բացված «պուրակի» մասին՝ դա որակելով սովորական ֆաշիզմ։ Իր ելույթում, մասնավորապես, Զոհրաբյանն ասել է.
«Հարգելի խորհրդարան, օրեր առաջ Ադրբեջանում սովորական ֆաշիզմի ցուցադրություն էր՝ Բաքվում բացվել էր Արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից առգրավված ռազմավարի ցուցահանդես։ Ալիևը հպարտորեն քայլում էր սպանված հայ զինվորների սաղավարտների միջով, իսկ ադրբեջանցի երեխաներն ատելության դասընթացներ էին անցնում՝ հայ զինվորների մանեկենների վրա զվարճանալով։ Ու այս ամենը տեղի է ունենում ԵԽ անդամ երկրում՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։
Քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը պղծում է Արցախի բազմադարյան մշակութային կոթողները, ավիրում է դարավոր սրբատեղիներն ու խաչքարերը, հայկական եկեղեցիների վրայից Ալիևն իր կնոջ հետ անձամբ է հրահանգում մաքրել հայկականության բոլոր հետքերը։ Արցախյան պատերազմից վեց ամիս անց պատերազմի հումանիտար հետևանքներն աղետալի են՝ հարյուրավոր ռազմագերիներ, ամեն օր պղծվող սրբավայրեր, իրենց տունը կորցրած հազարավոր արցախցիներ։
Ես ուզում եմ հարց ուղղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ձեր մտքով չի՞ անցնում այցելել Բաքու և տեսնել, թե Բաքվի բանտերում ինչ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները։ Գերեվարված հայ ռազմագերիներին սպանում են: Դուք ուզում եք, որ բոլորին սպանե՞ն:
Ես ուզում եմ հարցնել մեր Վեհաժողովին՝ դուք հիշո՞ւմ եք, որ մեր հանցավոր անգործության պատճառով Ադրբեջանը հողին հավասարեցրեց և ռազմական պոլիգոնի վերածեց միջնադարյան այնպիսի մշակութային կոթող, ինչպիսին Ջուղայի հին գերեզմանոցի խաչքարերն էին։
Ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն և այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներ, որտեղ ամեն օր հողին է հավասարեցվում հայկական մշակույթի մի կոթող։ Ես կոչ եմ անում Մարդու իրավունքների հանձնակատարին այցելել Բաքու և տեսնել, թե ինչ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները։
Ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին օգտագործել իր բոլոր լծակները, որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին»,- ասել է Զոհրաբյանը։