ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովը, որը գլխավորում է վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, քննարկել և հաստատել է ապրիլի 23-24-ի միջոցառումները:
Հրավիրված մամուլի ասուլիսում Ա.Հարությունյանը հայտնեց, որ «Հիշատակի եռերգություն» միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկատարվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ: Համերգը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այն կհեռարձակվի ուղիղ եթերով:
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կղեկավարի գերմանաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը:
Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկատարվի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի (դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) կատարմամբ: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ: Համերգը տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
Ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկազմակերպվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագրով: Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 10-ը:
Ապրիլի 27-ին տեղի կունենա ավանդական ծաղկահավաք, խոնարհված ծաղիկները կհավաքվեն, դրանց թերթիկներից թուղթ կպատրաստվի, որը, ինչպես միշտ, օգտագործվում է շնորհակալագրեր ուղարկելու համար:
Ա.Հարությունյանը հայտնեց, որ ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու, մասնավորապես՝ Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոց երկկողմանի հատվածը, Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը:
Ապրիլի 24-ին՝ ժամը 9:00-10:00-ը, մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ժամանակավորապես կփակվի՝ պաշտոնական պատվիրակությունների այցի հետ կապված:
Ապրիլի 24-ին «Հրազդան» մարզադաշտից երկու ուղղությամբ անվճար երթուղի է գործելու՝ մեկը մինչև մետրոյի «Զորավար Անդրանիկ», մյուսը՝ մինչև «Բարեկամություն» կայարան:
Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին աշխատելու է մինչև ժամը 01:00-ը:
ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանն էլ տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում ԱԳՆ-ն ցուցահանդես է կազմակերպելու դիվանագիտական ներկայացուցչությունների անդամների, նաև քաղաքացիների համար՝ նվիրված Արցախում պատմամշակութային հուշակոթողների պահպանման խնդրին: Ցուցահանդեսը կրելու է «Վտանգված ժառանգություն» խորագիրը: Ցուցադրվելու են 100-ից ավելի լուսանկարներ, ձեռագործ գորգեր, կարպետներ, որոնք ցույց են տալու Արցախի վտանգված ժառանգությունը: Ցուցահանդեսը բաց կլինի ապրիլի 25-ից մինչև մայիսի 2-ը: