Հուշարձան խաչքարերի վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Կոտայքի մարզում: Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի ծառայության աշխատակիցները կոտրված խաչքարերը հայտնաբերել են օրեր առաջ՝ իրենց պահպանության տակ գտնվող Ծաղկեվանքի հարակից տարածքում։ Պատճառն, ըստ մասնագետների, մարդկային գործոնն է։
Սլավա Սարգսյան, Պատմամշակութային միջավայրի «Պահպանություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի ծառայության տնօրեն տեղակալ - Այո՛, սա մարդկային գործոն է։ Ըստ բնակիչների, թե քար է գլորվել, տվել ջարդել, նայում ենք հուշարձանի հետևի մասում մաքուր է, քարի հետք չկա։ Հետո չէր կարող քարն անցներ ու մյուսին խփեր։
Կոտրված հուշարձանները Ծաղկեվանքի հարակից տարածքում տեղադրվել են երկու տարի առաջ՝ մասնավոր անձանց միջոցներով։ Թեև դրանք ընդգրկված չեն պահպանվող հուշարձանների պետական ցուցակում, սակայն մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրում են որպես վանդալիզմ։
Ըստ պատմամշակութային միջավայրի «Պահպանություն» ծառայության տնօրենի, բնակլիմայական պայմաններից հետո հուշարձաններին մեծ վնաս են հասցնում մարդիկ։ Հաճախ հանդիպող երևույթներ են նաև հուշարձանների վրա սիրո խոստովանությունների գրառումները, մոմավառությունը, հարակից տարածքներում կազմակերպվող ծեսերը։ Եղել է դեպք, երբ 19-րդ դարի եկեղեցու բակի խաչքարերից մեկը կտրել ու գերեզմանատան մուտքի մոտ որպես դիաքար են տեղադրել։
Արա Թարվերդյան, ԿԳՄՍ պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմամշակութային միջավայրի «Պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրեն - Մեր հասարակության մեջ շատ են մարդիկ, որոնք հարգելով պաշտելով, սիրելով իրենց գյուղում գտնվող հուշարձանները, կարող են մոմավառությունների կամ անհասկանալի ծեսերի արդյունքում վնասել դրանք ու տարածքը:
Եթե չեք պահպանում հուշարձանները, գոնե մի վնասեք՝ հորդորում է ծառայության տնօրենը։ Մարդիկ ժամանակավոր են այս կյանքում, պատմական հուշարձանները դարեր շարունակ դեռ պետք են սերունդներին։