Ապրիլի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայ-ֆրանսիական մշակութային միության նախագահ Ալեքսան Կարապետյանին և «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ինեսսա Սարգսյանին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է հյուրերին և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերը լավագույնս ուղղել բոլոր հնարավոր նպատակների և նախագծերի իրականացմանը՝ շարունակապես զարգացնելով և ամրապնդելով կողմերի միջև փոխգործակցությունը:
Հայ-ֆրանսիական մշակութային միության նախագահ Ալեքսան Կարապետյանը նշել է, որ միության նպատակն է առավելագույնս օգտագործելով Ֆրանսիայի Օքսիտանիա մարզի Հայկական սփյուռքի և Վայոց ձորի մարզի ներուժը՝ նոր թափ հաղորդել Վայոց ձորի զարգացման հեռանկարին: Այդ կարևորագույն նպատակի իրականացմանն էլ ուղղված են միության կողմից նախաձեռնած ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության տարբեր ձևաչափեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ: Երկուստեք բարձր գնահատելով համագործակցության հեռանկարները՝ կողմերը հույս են հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր շունչ հաղորդել այդ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը։