Սյունիքի մարզի Կապան քաղաքի սահմանամերձ Ագարակ և Եղվարդ գյուղերի անվտանգության հարցով մարզպետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ներառված պետական կառույցների ներկայացուցիչների աշխատանքը համակարգում է մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ Ագարակ և Եղվարդ գյուղերի խնդիրները բնորոշ են սահմանամերձներին: Այստեղ գլխավորն անվտանգության ապահովումն է և նոր ճանապարհահատվածի նորոգումը:
Կարո Ավանեսյան (Սյունիքի մարզպետի տեղակալ) - Ապահով լինելու համար անասնապահը զենքերը վերցնում է, իր հետ տանում արոտավայր:
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՈՒՅՔԱԳՐՎՈՒՄ ԵՆ ԵՎ ԼՈՒԾՎՈՒՄ
Կառավարության որոշմամբ՝ այս տարի ամբողջությամբ կնորոգվի Եղվարդ գյուղից մարզկենտրոն տանող նոր ճանապարհը: Սահմանին մոտ լինելու փաստը բնակիչներին չի անհանգստացնում. նրանք շարունակում են շենացնել իրենց գյուղը:
Նվեր Սաֆարյան (Ագարակ գյուղի բնակիչ) - Գյուղում խանութ է կառուցվում, գյուղում խանութ չկար, այսօր առաջին անհրաժեշտության մթերքների համար պետք է հասնեինք մարզկենտրոն Կապան:
153 բնակիչ ունեցող Ագարակն ապահովված է միջհամայնքային տրանսպորտով: Մեր հիմնական խնդիրները կարծես թե լուծվում են՝ նշում են գյուղացիները:
Նվեր Սաֆարյան - Խմելու ջրի համար ջրավազան է կառուցվում, իսկ լուսավորություն արդեն ունենք:
Կարո Ավանեսյան - Բոլոր սահմանային գյուղերում լսելով բնակիչներին անհանգստացնող հարցերը՝ գրի ենք առնում և լուծումներ տալիս:
Գերատեսչական խմբի հաջորդ կանգառը սահմանամերձ Եղվարդն էր: Տեղացիներին մտահոգում է խմելու և ոռոգման ջրի հարցը:
Սյունիքի մարզպետի տեղակալի խոսքով՝ գյուղի ջրամատակարարման հարցը լուծվել է։ Այս տարվա օգոստոսից Եղվարդը կունենա շուրջօրյա ջրամատակարարում։
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան