ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում՝ անդրադառնալով Բաքվում բացված «ռազմավարի պուրակին»:
«Հարգելի գործընկերներ,
2021 թվականի ապրիլի 12ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող մեկժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով, հպարտորեն շրջելով և ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները: Այսպես կոչված «ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն էր:
Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների: Խնդրում եմ՝ մի րոպե հատկացրեք և նայեք իմ ձեռքում գտնվող լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ: Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, տանջանքների է ենթարկվել ու խոշտանգվել Ադրբեջանի բանտում:
Այս նկարները ի ցույց են դնում, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեպ համակարգային ռասայական ատելություն է տիրում։ Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է և անընդունելի։ Այս գործողությամբ Ալիևը միացավ այնպիսի բռնապետների ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադդամ Հուսեյնը: Միևնույն ժամանակ, այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում, ինձ հիշեցրեց Իրաքը՝ 1980-ականների վերջին, երբ մեկ այլ բռնապետ օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված սպանված իրանական 5 հազար զինվորների սաղավարտ՝ ավարտին հասցնելու համար այն հուշարձանը, որը նա անվանել էր «Հաղթանակի կամար»:
Այդ մարդը Սադդամ Հուսեյնն էր: Հուսեյնի նման, Ալիևը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ ևս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջև. Հուսեյնի նման, Ալիևը ևս չի վերադարձնում ռազմագերիներին: Այս պուրակը հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը և նրանց իրական դեմքը. նրանք խթանում են ռասայական ատելությունը, համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը հաջորդ սերունդներին և ամբողջ աշխարհին բնականոն է։
Հարգելի գործընկերներ,
Պատմությունն ապացուցել է, եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետներին և նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր և տարածվում է ամբողջ աշխարհում: Ես կոչ եմ անում ձեզ ուշադրության արժանացնել այս իրադարձությունները, և հուսով եմ, որ անհրաժեշտ և հրատապ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Այսպես կոչված «ռազմավարի պուրակը» պետք է փակվի»,- ասել է Էդմոն Մարուքյանը։