Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 80 կողմ, 1 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած՝ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերելու են նոր ստեղծվող գերեզմաններին: Փոփոխությունների համաձայն՝ մահացածի աճյունը հողին հանձնելու համար գերեզման շահագործողին մեկ գերեզմանատեղի համար համայնքային գերեզմանատներում անվճար կհատկացվի 2.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 1.0 մետր չափերով:
Ընտանեկան գերեզմանում հուղարկավորությունը կազմակերպելու համար համայնքի գերեզմանատներում գերեզման շահագործողին անվճար հիմունքներով կտրամադրվի մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 5 մետր չափերով: Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից: