Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության առումով դեռևս լարված իրավիճակ է, օրական արձանագրվում է միջինը 800-1000 դեպք, ինչը ծանրաբեռնում է առողջապահական համակարգը: Ցավոք, ունենք մահաբերության ցուցանիշի աճ՝ նախորդ ամիսների 1.8-ի համեմատ 1.9 ցուցանիշ: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նա հորդորեց քաղաքացիներին առաջիկա օրերին, Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների հետ կապված, բարձրացնել զգոնությունը և պահպանել հակահամաճարակային կանոնները, չստեղծել կուտակումներ, փակ և բաց տարածքներում կրել դիմակներ, ունենալ ախտահանիչ նյութեր և պահպանել սոցիալական հեռավորություն:
Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու որևէ սահմանափակում չի լինելու, ինչպես նախորդ տարի էր, բայց պետք է հնարավորինս պահպանել հակահամաճարակային կանոնները:
Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ պետական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու բարձրաստիճան պատվիրակություններ, իհարկե, մի շարք պատվիրակություններ, ըստ նրա, Քովիդի տարածմամբ պայմանավորված, զերծ են մնացել Հայաստան այցելելուց: