Օրերս սկսվել է Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը: Սա Հայաստանի Բագրատաշեն - Վրաստանի Սադախլո հատվածում կառուցվող Բարեկամության կամուրջն է, որի մասին խոսվում էր դեռ 2016 թվականին, սակայն գործն այդպես էլ տեղից չէր շարժվում: Այս մեծածավալ նախագծի փորձը հետագայում կօգտագործվի Հյուսիս-հարավի կամուրջները կառուցելիս:
Քրիստինե Ղալեչյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Մայրաքաղաքից դուրս սա, կարելի է ասել՝ մեր 10 տարվա առաջին ծրագիրն է կամուրջ կառուցելու:
Խոսքը Հայաստանն ու Վրաստանը Բագրատաշեն-Սադախլո հատվածում իրար կապող նոր՝ Բարեկամության կամրջի մասին է: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարն ասում է՝ մի քանի օր է՝ ինչ գործող կամրջի հարևանությամբ շինարարները սկսել են նորի կառուցման աշխատանքները: Ի՞նչ կունենանք վերջնական արդյունքում՝ ներկայացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Իզաբելլա Մուրադյան (Բարեկամության կամրջի շինարարության ծրագրի ղեկավար) - Ունենք երկու կամուրջ, յուրաքանչյուրը մեկ ուղղություն է սպասարկելու, ունենալու է 8.36 մետր լայնությամբ յուրաքանչյուրը: Երկարությունը լինելու է մոտ 190 մետր, կամուրջն ունենալու է 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ:
Ըստ ծրագրի ղեկավարի՝ կամուրջը մեր՝ հայկական մաքսակետին միանալու է ձախ կողմից, այսպես կոչված՝ թունելային լիցքով: Ունենալու է գրեթե նույն բարձրությունը, ինչ այժմյանն է, բայց կկարողանա սպասարկել շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն. Բագրատաշենով է անցնում Հայաստանից արտահանվող բեռների հիմնական մասը: Նաև ուղևորահոսքն է մեծ լինում՝ չնայած հիմա կորոնավիրուսի պատճառով մարդկանց մուտք-ելքը դեպի հարևան երկիր սահմանափակված է: Վերականգնվելու դեպքում նույնիսկ շինարարները մաքսայինին կամ մաքսայինը կառուցապատողներին չեն խանգարի: Ըստ նախագծի՝ երկու կամուրջը միասին պետք է պատրաստ լինեն մինչև մյուս տարվա ապրիլի կեսը՝ հայտարարում է փոխնախարար Ղալեչյանը:
Քրիստինե Ղալեչյան - Կարծում եմ՝ դա իրատեսական է, և աշխատանքները պետք է ավարտվեն մեկ տարվա ընթացքում:
Ե՛վ Հայաստանի, և՛ Վրաստանի տարածքում զույգ կամուրջները կառուցելու է ենթակապալառու ճանաչված վրացական մի ընկերություն: Բուն շինարարությունը՝ նախագծի հետ միասին միջազգային մրցույթով շահել է իրանական Ariana Tunnel Dam-ը: Կազմակերպությունը շահագործումից հետո երկու տարի էլ երաշխիքային սպասարկում է ապահովելու. կամրջի ասֆալտը վնասվի, թե անձրևաջրերի հեռացման համակարգը փչանա՝ նորոգելու են իրենց հաշվին: Ծրագրի բուն Ֆինանսավորումը համատեղ է: Աղբյուրը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:
Քրիստինե Ղալեչյան - Ընդհանուր պայմանագիրը շինարարության շուրջ 7 մլն է, որը պետք է ծածկվի երկու երկրների կողմից հավասարաչափ:
Բարեկամության կամուրջը կառուցելով՝ Բագրատաշենով դեպի Վրաստան գնացող միջպետական մայրուղու բարեկարգումը վերջապես կավարտվի: Ճանապարհաշինարարները վարորդներին խոստանում են. լայնացվող-հարթեցվող Ալավերդուց մինչև պետական սահման հատվածը տարվա ավարտին կասֆալտապատեն: Դրանից մի քանի ամիս անց էլ՝ նոր կամուրջը կբացեն. հինը, նախնական որոշմանը հակառակ, չեն քանդի: