Ապրիլի 18-ին նշվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Տոնի շրջանակում «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ. դրամաշնորհային ծրագրով իրականացված «Հայաստանի 7 հրաշալիքները» նախագիծը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին՝ ի նշանավորումն մեր պատմամշակութային ժառանգությանը նվիրված՝ նրա արժեքավոր աշխատությունների:
Նախագծի արդյունքում ստեղծվել են 2D ձևաչափով 7 անիմացիոն հոլովակներ Հայաստանի հայտնի և անհայտ հուշարձաններ (Գնդեվանք, Աղջկա բերդ, Թանահատի վանք, Մանթաշաբերդ, Ջրահարսի վարսեր, Սելիմի քարավանատուն, Մեծամոր արգելոց-թանգարան) այցելելու և դրանց տարածքում որոշակի կանոնների հետևելու մասին:
Անիմացիոն հոլովակները երկլեզու են` հայերեն և անգլերեն, ունեն մինիմալիստական, բայց պատկերազարդ և գունեղ լուծումներ, ուղեկցվում են սուրդոթարգմանությամբ:
Հոլովակների շնորհանդեսը տեղի է ունեցել Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Ծրագիրը նախատեսված է հանրակրթական դպրոցներում սովորողների համար և ունի հայրենաճանաչողական, կրթադաստիարակչական նպատակ: Հոլովակները դիտելիս երեխաների շրջանում ձևավորվում են հետաքրքրություն և հարգանք պատմամշակութային ժառանգության, ընդհանրապես հայրենիքի հանդեպ: Բարեվարքության կանոններով խրախուսվում է խնամել, մաքուր և անխաթար պահել և պաշտպանել մեզ հասած ժառանգությունը, որը մեր ինքնության անհերքելի վկայությունն է:
Հիշեցնենք, որ այս տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորագիրն է՝ «Բարդ անցյալներ, բազում ապագաներ»: