Ապրիլի 18-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոր փաստաթուղթ է ներկայացրել Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը, որի նպատակն է երկիրը դուրս բերել արդեն շուրջ կես տարի շարունակվող քաղաքական ճգնաժամից, գրում է Aliq-ը:
Նոր փաստաթղթով նախատեսվում է Վրաստանում 2022 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե «Վրացական երազանքը» 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ստանա 43 տոկոսից պակաս աջակցություն: Ընդ որում, բոլոր հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով: Հաջորդ երկու խորհրդարանական ընտրությունների շեմը պետք է լինի 0-2 տոկոս:
Առաջարկվում է նաև համաներման օրենքի նախագիծ, որով ազատ են արձակվելու 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածները, այդ թվում` Նիկա Մելիան և Գիորգի Ռուռուան:
Ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասն ընդունելի է համարել փաստաթուղթը, մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չէր ներկայացել ԵՄ ներկայացուցչի գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը, որը վարում էին Վրաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպանները:
«Վրացական երազանքը» հայտարարել էր, որ արդեն պաշտոնապես ստորագրել է Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի փաստաթուղթը, որը կտրականապես չէր ընդունել ընդդիմությունը, իսկ նոր տարբերակն իրենք են անընդունելի համարում: