Կանխել մշակութային ցեղասպանությունը. Արցախի հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Արցախցիները իրենց հետ բերել են հադրութցի երեխաների՝ կոթողներն ու շինությունները պատկերող նկարները, որոնք այսօր ավերվել կամ վնասվել են ադրբեջանական վայրագության հետևանքով: Բողոքի ակցիայի մասնակիցները Արցախի կրթության, գիտություն, մշակույթի և սպորտի նախարարի անունից նամակ են հանձնել՝ ՄԱԿ-ից ու ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջելով կանխել Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանությունը: Գրասենյակից ցուցարարներին պատասխանել են, որ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը պատրաստ է վաղը նրանց ընդունելու:
Կարեն Ավագիմյան («Շուշիի բռնի տեղահանված հայ ազգաբնակչություն» ՀԿ նախագահ) - Առ այսօր էլ Շուշիում, Հադրութում և մնացած հայկական օկուպացված տարածքներում ոչնչացվում են մշակութային մեր ժառանգությունները, վերացվում է հայու հետքը, մենք այստեղ ենք նաև մեր գերիների հարցով: Բացի լոկ ցավակցական խոսքերից, ուրիշ բան չենք լսում բոլոր միջազգային կազմակերպություններից:
Իռա Թամրազյան (Հադրութի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն) - Էսօր մեր բողոքը նվիրված է, որ էսօր քանդում են, մեր Ջաբրայիլի եկեղեցին են քանդել ադրբեջանցի թշնամիները, քանդել են Շուշիի Կանաչ եկեղեցին, նույնիսկ ես տեսա, որ խաչքարերը վերացնում են, ա՛յ այսպիսի աշխատանքներ է կատարում թուրք յաթաղանը: