Ապրիլի 19-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանը: Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին և Բաքվում «ռազմական ավարների» պուրակի բացմանը՝ ընդգծելով, որ դա Ադրբեջանի կառավարության ֆաշիզմի և ցեղասպան քաղաքականության ապացույցն է:
«Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ,
նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկույցների համար պարոն Արիևին և պարոն Հալիցկիին:
Ցանկանում եմ ընդգծել Եվրանեսթ ԽՎ-ի կարևորությունը` որպես արևելյան գործընկերության վեց երկրների և Եվրամիության ու նրա անդամ պետությունների կառուցողական և վստահելի հարաբերությունների կառուցման հարթակ: Ընդհանուր արժեքներն ու ձգտումները Եվրանեսթի ընտանիքի հիմքն են և կարևոր է առաջնահերթություն տալ փոխադարձ հետաքրքրությունների, ցանկությունների և կարիքների օժանդակմանը, իսկ անհրաժեշտության դեպքում անցնել փոխզիջումների, որպեսզի հասնենք մեր վեհաժողովի նպատակներին:
2020 թվականի սեպտեմբերին անդամ երկրներից մեկը` Թուրքիայի, Պակիստանի և վարձկանների աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա:
Նոր երևան եկած ապացույցների լույսի ներքո հրադադարի մասին հայտարարության ստորագրումից որոշ ժամանակ առաջ հայտնի ցեղասպանագետ Գրեգորի Սթանթոնի գլխավորած Genocide Watch կազմակերպությունն Ադրբեջանի ագրեսիան որակել է որպես ցեղասպանության վտանգ:
Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հրադադարի հայտարարությունից և խաղաղարար առաքելության միջնորդությունից 5 ամիս անց Ադրբեջանում տեղի է ունենում «ռազմական ավարների պուրակի» բացում, որը ցուցադրում է հայ զինվորների ռասիստական ծաղրանկարներ, ինչը Ադրբեջանի կառավարության որդեգրած ֆաշիզմի և ցեղասպան քաղաքականության ապացույցն է: Զազրելի է մեր ադրբեջանցի գործընկերների` ապատեղեկատվության տարածման գործընթացում ակտիվացումը, բայց ավելի է նյարդայնացնում ժողովրդավարական շատ երկրների անտարբերությունը: Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը` «Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»:
Այնուամենայնիվ, եվրոպական շատ երկրների խորհրդարաններ և ղեկավարներ դատապարտեցին Ադրբեջանին, և ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են եղել այս դժվարին ժամանակահատվածում:
Հարգելի գործընկերներ.
Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի, ինքնիշխանություն հանուն փրկության բանաձևի ընդունումն Արցախի ժողովրդի կենսական իրավունքների երաշխավորման նպատակին հասնելու միակ տարբերակն է, և ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում նպաստել դրա իրականացմանը:
Ինչպես նշեցի, մենք Եվրանեսթը տեսնում ենք որպես հարթակ, որը միացնող կամուրջ է հանդիսանում հուսալի հարաբերությունների կառուցման համար և մեզ համար շատ կարևոր է, որ այս հարթակն օգնի թուլացնել մեր տարածաշրջանում առկա լարվածությունը և նպաստի ավելի կառուցողական միջավայրի ստեղծմանը:
Շնորհակալություն ուշադրության համար»,- իր ելույթում ասել է Վիկտոր Ենգիբարյանը: