Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ապրիլի 19-ին կվերադառնա Միացյալ Նահանգներ իր պապի՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորությունից հետո, որը տեղի ունեցավ շաբաթ օրը Վինձորի ամրոցում: Այս մասին հաղորդել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով արքայական պալատի աղբյուրները:
Պարբերականը նշել է, որ արքայական ընտանիքը «սառն է դիմավորել» արքայազն Հարրիին տանը կարճատև գտնվելու ընթացքում:
Փորձագետները վերլուծելով արքայական ընտանիքի իրավիճակը, ենթադրում էին, որ նման ողբերգական առիթով Սասեքսի դքսի վերադարձը Միացյալ Թագավորություն կօգներ նրան հաշտվել հարազատների հետ և, ի վերջո, ամրապնդել բրիտանական միապետությունը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների նախնական գնահատականների, դա տեղի չի ունեցել:
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ավելի քան մեկ տարի առաջ հայտարարեցին, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի ավագ անդամի կարգավիճակից և ապահովում ֆինանսական անկախություն:
Զույգը կորցրել է ճանապարհորդությունների ժամանակ Էլիզաբեթ Երկրորդին պաշտոնապես ներկայացնելու, արարողակարգային այլ պարտականություններ կատարելու և Ձերդ գերազանցություն տիտղոսն օգտագործելու հնարավորությունը:
Ամուսինները Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում տուն են գնել՝ Խաղաղ օվկիանոսի ափին, և մեծացնում են իրենց որդուն՝ Արչիին: Փետրվարին նրանք հայտարարեցին, որ սպասում են իրենց երկրորդ երեխային: