Մի կողմից փարթամ նռնենին է` աշնան տաք արևի տակ պարծենկոտ փքվել իր՝ կյանքի, ապրելու խորհրդանիշ կարմիր պտուղներով, մյուս կողմից՝ թուրքից իր տունը պաշտպանող ուխտասարցի Անուշավան պապն է՝ իր տնկած ծառի տակ կանգնել «Կալաշնիկովի» հին ինքնաձիգով, որ նրա մոտ մնացել է դեռ Արցախյան առաջին պատերազմից: Ռուս ֆոտոլրագրող Վալերի Մելնիկովն իր տան համար մարտի ելած պապի կերպարով բացում է Արցախյան պատերազմում արած լուսանկարների շարքը, որ անվանել է «Կորուսյալ դրախտ», ու «ոսկի» նվաճել աշխարհի առաջատար World Press Photo 2021 լուսանկարչական մրցանակաբաշխության «Գլխավոր նորություններ/պատմություններ» անվանակարգում:
Վալերի Մելնիկով (ֆոտոլրագրող) - Լուսանկարների այս շարքում ես շարունակում եմ իմ հետազոտությունների ուղին՝ զինված հակամարտության հումանիտար հետևանքների մասին, պատերազմի մասին պատմում խաղաղ բնակիչների, հակամարտության, այսպես կոչված, «երրորդ կողմի» աչքով, քանի որ ցանկացած հակամարտության ամենախոցելի ու տուժած կողմը հասարակ, խաղաղ բնակիչներն են:
Արցախում լուսանկարիչը տեսել է այն, ինչի հետ արդեն առերեսվել էր աշխարհի թեժ կետերում՝ Սիրիայից մինչև Դոնբաս՝ փախստականների շարասյուներ, որոնք լքում են իրենց բնակության վայրերը, գնդակոծությունների ժամանակ նկուղներում թաքնվող մարդիկ, ավերված ու լքված քաղաքներ ու գյուղեր։ Մելնիկովը պատմում է Լաչինում հանդիպած Գևորգյանների բազմազավակ ընտանիքի մասին: Լաչինից Ազատն ու նրա կինը՝ Անաիկը, լքում են տունը։
Վալերի Մելնիկով - Նրանց հետ ծանոթացել եմ Լաչինում, տարածքը լքելուց մի քանի օր առաջ: Մարդկանց 18 ժամ էին տվել տարածքը լքելու համար: Ազատը տեղափոխեց ընտանիքը Հայաստան, իսկ ինքը վերադարձավ, ասում էր՝ չեմ հավատում, որ այլևս չեմ կարող վերադառնալ ու ապրել այստեղ, հույս ուներ՝ մի օր ընտանիքը նորից հետ կբերի: Ես հետո նրանց այցելեցի Հայաստանում, փախստականների համար հատուկ տեղ էին հատկացրել ընտանիքին:
Մարդիկ իրենց հարազատ օջախները լքելուց վերցնում էին հարազատների աճյունները Հայաստանում վերահուղարկավորելու նպատակով՝ գիտակցելով, որ այլևս վերադարձի ճամփա չկա՝ պատմում է Մելնիկովը: Լուսանկարներից մեկում Արցախցի Արեգն է՝ նստած գյուղի իր այրվող տան մոտ։ Մի մասի տունն այրվում էր պատերազմի բովում, մյուսներն իրենք էին այրում ողջ ունեցվածքը, որ թշնամին չգա ու չպղծի: Մյուսում էլ ծերունի Հակոբն է՝ Լաչինի իր տան պատուհանից նայում ծխացող քաղաքին: Տասը լուսանկարում հեղինակը աշխարհին պատմում է հակամարտության թնջուկում հայտնված անմեղ մարդկանց փլուզված ճակատագրերի մասին:
Վալերի Մելնիկով - Ես շատ տեղերում եմ եղել, բայց միայն Արցախում զգացի կրոնի նկատմամբ այդքան մեծ նվիրվածություն տեղի հայերի մոտ, այդ քրիստոնեական հավատով օդն էր ներծծված: Իսկական դրախտավայր է Արցախը, որտեղ մարդիկ ապրում էին իրենց հիասքանչ բնության գրկում ու խաղաղ պայմաններում:
Վալերի Մելնիկովը երրորդ անգամ է դառնում ֆոտոլրագրության ոլորտում խոշորագույն և ամենահեղինակավոր մրցույթի, լուսանկարի աշխարհի «Օսկարի» դափնեկիր: Այս տարի մրցույթին ներկայացվել է 70-ից ավելի լուսանկար 130 երկրից։