2021 թվականի ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ընդհանուր 1004 զանգ։
Հանրապետության տարածքում նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են զենք-զինամթերքի վերաբերյալ կանչերը։
Սակրավորները հիմնական կանչերը ստացել են Մարտակերտից։ Ինժեներահետախուզական աշխատանքների ընթացքում ԱԻ ծառայության սակրավորները ռուս գործընկերների և Արցախում գործող ականազերծող կազմակերպությունների հետ մեկտեղ շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքից հայտնաբերել և վնասազերծել են կասետային 60 և 119 հատ ավիառումբ, 50 հատ պայթուցիչ, հրետանային 65 արկ, հակատանկային 2 և հակահետևակային 2 ական, թնդանոթի 10 արկ, 13 հատ ձեռքի նռնակ, ականանետի 11 ական և նռնականետի 26 նռնակ։
Հրդեհի մասին ստացվել է 12 կանչ։ Շաբաթվա ընթացքում գրանցված հրդեհները հիմնականում բռնկվել են բաց տարածքում՝ չոր խոտածածկերում և աղբակույտերում։
Անցած 7 օրվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար, տուժել է 5 հոգի։ Արցախի փրկարարները վերջիններիս ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն։
Յօթօրյա ժամանակահատվածում մեկ արտակարգ պատահար է գրանցվել։ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում որոնողական աշխատանք իրականացնելիս ականապայթյունային վիրավորում է ստացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատարը։ Նրա առողջական վիճակը բավարար է։
Ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է կենցաղային բնույթի 41, օձի հայտնաբերման մեկ, տեխնիկական սպասարկման 5 կանչ։
Փրկարար ոլորտում ծառայողների արհեստավարժության և մասնագիտական որակների բարձրացման նպատակով, ԱՀ ՆԳ նախարարի հրամանով ծառայության բոլոր բաժանմունքներում և ստորաբաժանումներում շարունակվում են ուսումնական պարապմունքները։
Ռազմագործողությոինների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումն անցած շաբաթվա ընթացքում կատարել է 7 ելք։
Զինադադարից հետո մինչ այժմ հայտնաբերվել է 1543 աճյուն։