Այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու որևէ սահմանափակում չի լինի, սակայն իրավասուները հորդորում են՝ խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, քանի որ կորոնավիրուսով վարակվածության թվերը լավատեսության հիմք չեն տալիս:
Հիշատակի միջոցառումները կմեկնարկեն արդեն ապրիլի 21-ից: «Հիշատակի եռերգություն» խորագրով ապրիլի 23-ին՝ ժամը 23-ին, ֆիլհարմոնիկ նվագախմբի և ակադեմիական երգչախմբի կատարմամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»: Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով «Ռեքվիեմների» մի ամբողջ շարք կներկայացվի. բացի Վերդիից, նաև Մոցարտի և Մանսուրյանի «Ռեքվիեմները» կհնչեն մեր հայտնի երաժշտախմբերի մատուցմամբ: Ամսի 24-ին մետրոն կաշխատի մինչև գիշերը ժամը 1-ը, և փոփոխություններ կլինեն տրանսպորտային երթուղիներում:
10-ից ավելի բարձրաստիճան պատվիրակություններ Եվրոպայից և Լատինական Ամերիկայից կմասնակցեն հիշատակի արարողություններին: Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կբացվի «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» ցուցադրությունը: Ապրիլի 24-ին Հայաստան ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ քաղաքապետարանում կներկայացվի «Վտանգված ժառանգություն» ցուցահանդեսը: Կցուցադրվեն Արցախի մշակութային ժառանգության 100-ից ավելի արժեքավոր նմուշներ՝ ձեռագործ կոթողներ, գրքեր, մանրանկարչության նմուշներ, գորգեր:
Հիշատակի միջոցառումները պատշաճ և ներկայանալի կազմակերպելու նպատակով պետբյուջեից 70 մլն դրամ է հատկացվել: