«Հայ ռազմագերիների, գերեվարված այլ անձանց և տեղահանվածների» հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում է: Ստրասբուրգում այսօր մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Նախորդի պես, այն անցկացվում է հիբրիդային ձևաչափով: Հայ գերիների հարցն ավելի վաղ հաստատվել էր վեհաժողովի նախագահությունում և բյուրոյում: Թեև ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, Բաքվի ձեռագրին հավատարիմ փորձեց խոչընդոտել գործընթացը, բայց հարցը 93 կողմ ձայնով ընդգրկվեց պլենար նիստում:
Մինչև վաղվա քննարկումը՝ հայ պատվիրակները Եվրոպայի բարձրագույն հարթակից նստաշրջանի առաջին օրն աշխարհի ուշադրությունը հրավիրեցին Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:
Ադրբեջանի՝ անթաքույց քարոզվող ռասիզմի և խտրականության թեմային է անդրադարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը: Նա ընդգծել է՝ Բաքվի ատելության դրսևորումները պետական քաղաքականության մաս են։
Սոս Ավետիսյան, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ - Ատելության այս դրսևորումներն առանձին երևույթներ չեն, այլ ատելության պետական քաղաքականություն։ Ռասիզմի և անհանդուրժականության դեմ պայքարի հանձնախումբն այս մասին ահազանգել է դեռևս 2016 թվականի զեկույցում։ Քանի դեռ մենք այստեղ խոսում ենք, երեք տարեկան բաքվեցի աղջկան իր հայրը տանում է այս ահասարսուռ «թանգարանը», որտեղ նա պետք է սովորի ատել իր հարևանին միայն նրա համար, որ հայ է։
Ադրբեջանի հայատյացությունն այլևս ապացույցների կարիք չունի. պատմությունը հաստատել է, երբ ժամանակին անհրաժեշտ քայլեր չես ձեռնարկում բռնապետներին կանգնեցնելու համար, նրանք չարիք են դառնում աշխարհի համար՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի ուշադրությունն է հրավիրել Ալիևի բռնապետական վարքագծի վրա:
Էդմոն Մարուքյան, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ - 2021 թվականի ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող մեկ ժամանոց ռեպորտաժում ներկայացվել է Բաքվում բացված «թանգարանը», որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմին: Իլհամ Ալիևը հանդես էր գալիս՝ զինվորական համազգեստով հպարտորեն շրջելով և ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե արձանները: Այսպես կոչեցյալ «ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն էր:
Մարուքյանն ընգծել է՝ այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի երկրում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հայ պատվիրակը նաև հիշեցրել է՝ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել մոտ 200 հայ ռազմագերու:
Էդմոն Մարուքյան - Խնդրում եմ, մի րոպե հատկացրեք և նայեք այս լուսանկարներին: Դրանք անցյալից նկարներ չեն, այլ մեր օրերում արված, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնում է որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ: Այս նկարներն ի ցույց են դնում, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեպ համակարգային ռասսայական ատելություն է տիրում։ Այս գործողությամբ Ալիևը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը:
Պատգամավորի համոզմամբ՝ «պուրակը» հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը և նրանց իրական դեմքը: Մարուքյանն իր ելույթի վերջում հույս է հայտնել, որ անհրաժեշտ և հրատապ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար, իսկ այսպես կոչեցյալ «ռազմավարի պուրակը» կփակվի:
«Հայ ռազմագերիների, գերեվարված այլ անձանց և տեղահանվածների» հարցը ԵԽԽՎ-ում կքննարկվի վաղը: