ԱՕԿՍ-ի շենքի գործով Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանին այժմ մեղսագրվում է միանգամից երկու հոդված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելն ու փողերի լվացումը։ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված գրավը՝ 20 միլիոն դրամի չափով:
Քրեական գործում դեսպան Սմբատյանը միակ գործող անձը չէ։ Դեռ դեկտեմբերին կոմիտեն այս գործով մեղադրանք էր առաջադրել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։
2006 թվականին նախարար Պողոսյանը, լինելով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահ, Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող և հասարակական կազմակերպությանը անհատույց իրավունքով տրամադրված հողամասը դարձրել է կազմակերպության սեփականությունը՝ չնայած օրենքի սահմանափակմանը։ Ըստ իրավապահների, կազմակերպության նախագահի՝ Սմբատյանի օժանդակությամբ, 201 միլիոն դրամ արժեքով շենքն ու հողամասը, նախ որպես ավանդ ներդրվել են ԱՕԿՍ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված ընկերության կապիտալում, ապա սեփականաշնորհել և 100 տոկոս բաժնեմասը՝ 550 հազար դոլարով ձևական գործարքի միջոցով օտարել են օֆշորում՝ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի հարսին պատկանող ընկերությանը։
Նախկին նախարարի նկատմամբ հայտարարված է հետախուզում, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։
Պողոսյանը մշակույթի նախարար է եղել 10 տարի՝ 2006-2016 թվականներին՝ գործադիրում աշխատելով հիմնականում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Իսկ Արմեն Սմբատյանը՝ 2002-2010 թվականներին եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։ 2014-ին նշանակվել է նախագահի միջազգային մշակութային-հումանիտար գործակցության հարցերի խորհրդական, 2018-ից էլ Հայաստանի դեսպանն է Իսրայելում։