Բիբլիական լեռան ֆոնին լուսանկարվել, հայրենի հողի վրա քայլել տղաներն արդեն հասցրել են: Լուսաբացին են Միացյալ Նահանգներից Հայաստան հասել, բայց ժամը 6-ին արդեն զբոսնում էին Երևանի փողոցներում, իրենց կարոտն առնում: Կարոտը՝ կարոտ, բայց այս երիտասարդները դրա համար չեն եկել Հայաստան: Պատերազմի օրերին Նահանգներում հիմնել են Veterans of Armenia կազմակերպությունը, որպեսզի կարողանան պատերազմի ժամանակ տուժած տղաներին, նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն հասցնել: Իրենց առաջ երեք խնդիր են դրել:
Ֆրեդ Սարգսյան (կազմակերպության համահիմնադիր) - Առաջինը լինում է էն, որ եթե պատերազմ կամ կոնֆլիկտ է լինում, նախքան այդ մենք ինչ ենք անում, որ մեր զինվորներին օգնենք, նրանք էլ որ գնում են պոստերը, ինչով ենք օգնում: Երկրորդ մասը՝ այս կոնֆլիկտի ժամանակ ո՛նց ենք օգնելու մեր զինվորներին, ու երրորդը՝ ո՛նց ենք օգնելու պատերազմից հետո:
Աշխատանքը սկսել են բանակին ու զինվորին անհրաժեշտ իրեր հասցնելուց, մինչև նույնիսկ նախորդ տարիներին վիրավորված զինվորների բնակարանային պայմանների բարելավում, զինհաշմանդամների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում: Տղաներից ոչ ոք միլիոնատեր չէ:
Ռայմոնդ Ծատուրյան (կազմակերպության համահիմնադիր) - Մեր կյանքից ելնելով՝ մենք սովորական ապրողներ ենք էնտեղ, ունենք մեր գործը, ընտանիքը, դրանից դուրս մեր ժամանակը դնենք, օգնենք զինվորներին բոլոր:
Հայաստան գալու հիմնական նպատակը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում պրոթեզարանի բացմանը մասնակցելն է: Veterans of Armenia բարեգործական կազմակերպությունն էլ իր լուման ունի այդ պրոթեզարանի ստեղծման գործում: Կազմակերպությունը հիմնել են, որպեսզի ցանկացած օգնություն ավելի հասցեական ու խոշոր լինի:
Արմեն Ադամյան (կազմակերպության համահիմնադիր) - Կարողանանք բոլորին համախմբել, որ գործը հա՛մ ճիշտ քայլի առաջ, հա՛մ էլ մեծ քայլերով գնանք առաջ: Էլ տոտի-տոտի չանենք, ամոթ ա մեզ, մեծ ազգ ենք, պիտի սփյուռքը օգնի, գնանք առաջ:
Էմին Հակոբյան (կազմակերպության համահիմնադիր) - Ինչ որ կարանք անել միասին, չենք կարա անել առանձին: Ավելի արագ կստացվի մեր գործը:
Կազմակերպությանն այս պահին մանկության 20 ընկեր են անդամակցում: Նրանցից շատերը Հայաստանում ծնվել, հետո են Նահանգներ տեղափոխվել: