Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան ընդառաջ, սկսել են զորահանդեսի վարժանքները, փոխանցում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվող վարժանքներում ներգրավված է մոտ 400 խաղաղապահ: Երթին կմասնակցի նաև ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի անձնակազմը, ինչպես նաև Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստորաբաժանումների, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարական խմբի և նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների անձնակազմերը:
Հաղթանակի 76-րդ տարեդարձի օրը՝ 2021 թվականի մայիսի 9-ին, զորահանդեսին կմասնակցի մինչև 10 ստորաբաժանում՝ յուրաքանչյուրում 45 զինծառայող։