Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Սարգիս Խանդանյանը և Նարեկ Մկրտչյանը մասնակցել են Սոցիալական հարցերի, աշխատանքի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին:
Քննարկվել են ԵՄ-ում և Արևելյան գործընկերության երկրներում կորոնավիրուսի ազդեցությանն ու հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:
Ելույթ է ունեցել ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը, նշելով.
«Հարգելի գործընկերներ,
կորոնավիրուսի համավարակը զգալի ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության և սոցիալական բարեկեցության վրա: Կորոնավիրուսի տարածումը լրջագույն մարտահրավեր դարձավ Հայաստանի առողջապահական համակարգի համար՝ մղելով վերափոխել առողջապահական ենթակառուցվածքների և ռեսուրսների կառավարման տրամաբանությունը: Նախորդ գարնան կարճատև լոքդաունը լուրջ հետևանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության և բիզնեսների համար:
Դժբախտաբար, համավարակը 2020 թվականին Հայաստանի առջև ծառացած միակ մարտահրավերը չէր: 2020թ. մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես եկավ աշխարհի բոլոր անկյուններում հրադադարի ռեժիմների պահպանման հրատապ կոչով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա կենտրոնանալու նպատակով: Հայաստանը ողջունեց այս կոչը, ինչպես և քաղաքակիրթ ողջ աշխարհը, քանի որ մենք հավատում ենք, որ միմիայն համատեղ ուժերով մենք կարող ենք հաղթահարել հումանիտար ճգնաժամերը:
Այնուամենայնիվ, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային և նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:
Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը հսկայական ազդեցություն ունեցավ տարածաշրջանում համավարակի իրավիճակի վրա: Կորոնավիրուսը տարածվեց ոչ միայն առաջնագծում զինծառայողների շրջանում, այլև այն արագորեն տարածվեց նաև քաղաքացիական բնակչության շրջանում:
Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերը դժվարություններ էին կրում ոչ միայն մեծ թվով վիրավոր զինծառայողների և քաղաքացիների, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, այլև այն պատճառով, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում էին բժշկական ենթակառուցվածքները՝ ավերելով դրանք: Ադրբեջանի կատարած պատերազմական նմանօրինակ հանցագործություններն իրենց դաժանության գագաթնակետին հասան, երբ հոկտեմբերի 28-ին հրթիռակոծվեց Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը:
44 օր տևած պատերազմը 2020 թվականին Ադրբեջանի իրականացրած միակ ռազմական ագրեսիան չէր:
2020թ. հուլիսին Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Այս էսկալացիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորությամբ թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հրթիռակոծելով բժշկական դիմակներ պատրաստող արտադրամասը, որը օրական պատրաստում էր 300 հազար դիմակ:
Հարգելի նախագահողներ,
ես կարծում եմ, որ այս հանձնաժողովը, մասնավորապես, և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդհանրապես, պետք է մանրամասնորեն ուսումնասիրեն և անդրադառնան վերոնշյալ փաստերին և խստորեն դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան և ապակառուցողական դերը տարածաշրջանում: Ես հուսով եմ, որ Եվրախորհրդարանի մեր գործընկերներն առավել ակտիվորեն կներգրավվեն Արևելյան գործընկերության տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»: