Չեխիայի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական սկանդալը բացասական ազդեցություն է ունեցել նաև մեկ այլ ոլորտի վրա, հայտնում է ТАСС-ը: «Ռոսատոմը» կզրկվի այդ երկրում ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու հնարավորությունից այն բանից հետո, երբ Չեխիայի իշխանությունը Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրել է 2014 թվականին զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի համար:
Չեխիայի փոխվարչապետ Կարել Հավլիչեկը Pravo թերթի հետ հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան պաշտոնապես կբացառվի Դուկովանի ԱԷԿ-ում նոր էներգաբլոկ կառուցող թեկնածուների ցուցակից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա, բացառվում է նաև ընկերության ցանկացած մասնակցություն որպես ենթակապալառու: Նախորդ օրը ՝ ապրիլի 18-ին, այդ գաղափարը պաշտպանել է վարչապետ Անդրեյ Բաբիշը:
Ռուսական «Ռոսատոմից» բացի, մրցույթին մասնակցում են ամերիկյան Westinghouse-ը, Չինաստանի China General Nuclear Power-ը, ֆրանսիական EdF-ն ու հարավկորեական KHNP-ը:
Մրցույթի հաղթողը պարզ կլինի ոչ ուշ, քան 2024 թվականին: Շինարարությունը նախատեսվում է սկսել 2029 թվականին և ավարտել 7 տարի հետո: Աշխատանքի արժեքը գնահատվել է մոտ 6 միլիարդ եվրո: