Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Turan գործակալության հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 14-ին Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպումից հետո իր հասցեին բարձրաձայնված քննադատություններին։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Բաքվում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը հարցի առնչությամբ հրավիրվել էր այդ երկրի ԱԳՆ, որտեղ նշվել էր, որ Եվրամիության հատուկ ներկայացուցչի նման գործողություններն անընդունելի են և հանգեցրել են նրա հանդեպ Ադրբեջանի վստահության կորստին:
Տոյվո Կլաարը նշել է, որ և՛ դեսպան Յանկաուսկասը, և՛ ինքը վերջին մի քանի օրվա ընթացքում կապ են հաստատել Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ և մեկ անգամ ևս վերահաստատել, որ ապրիլի 14-ին Երևանում կայացած հանդիպումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես ԵՄ դիրքորոշման փոփոխություն:
ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ նման հանդիպումների մասին ադրբեջանցի գործընկերների հետ մշտապես բաց է խոսվել. «Այս պարագայում ևս Երևան այցի ընթացքում նման հանդիպում անցկացնելու մտադրության մասին նախօրոք տեղեկացրել էի Ադրբեջանի ղեկավարությանը։ Իմ նպատակն էր ԵՄ անդամ երկրների կողմից ինձ տրված մանդատի համաձայն հնարավորինս լավ հասկանալ առկա իրավիճակը»։
Եմ պաշտոնյայի դիտարկմամբ՝ Վրաստանի համատեքստում, որտեղ ԵՄ-ն որպես միջնորդ ավելի կարևոր դեր ունի, հատուկ ներկայացուցիչը, ժնևյան միջազգային քննարկումների և խորհրդատվությունների շրջանակներում, մշտապես Սուխումում և Ցխինվալում հանդիպումներ է ունեցել Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ, ինչը, նրա խոսքով՝ «Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում չի եղել և չի ազդել ԵՄ քաղաքականության վրա»:
«ԵՄ-ն խաղաղության նախագիծ է և հաշտեցման մեծ փորձ ունի: Դրա համար մարդիկ պետք է կարողանան լսել և զրուցել միմյանց և դիվանագետների հետ: ԵՄ-ն կցանկանար Հարավային Կովկասը տեսնել որպես խաղաղության, զարգացման և բարգավաճման գոտի: Այդ գործընթացը շարունակվում է»,-նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։