Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը կերկարաձգի մինչև 2026 թվականը: Ֆրանսիական պարբերականների հաղորդմամբ՝ նոր պայմանագրով 29-ամյա բրազիլացու տարեկան աշխատավարձը կկազմի 30 միլիոն եվրո:
Կողմերն առաջիկա օրերին պաշտոնապես կկնքեն նոր համաձայնագիր ու սպասվում է, որ դրա մասին կհաղորդեն մինչև Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղը:
Հիշեցնենք, որ բրազիլացի աճպարարը 2017 թվականին ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից»՝ 222 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 22 խաղի՝ դառնալով 13 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Փարիզյան ակումբում կարծում են, որ Նեյմարի կնքվելիք նոր պայմանագիրը լրացուցիչ մոտիվացիա կլինի նաև Կիլիան Մբապեի համար, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: