«Պատերազմից հետո մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը բանակի, զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացնում ենք ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ». Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն ծրագրվում է, այլև արդեն իրականացվում է, ընդ որում՝ այդ գործընթացում անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները». Վաղարշակ Հարությունյան
Թե կոնկրետ ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, դեռ չի հստակեցվում, սակայն պաշտոնական կարճ հայտարարությունները և փորձագիտական կարծիքները հուշում են՝ Հայաստանը շեշտը դնելու է նոր սպառազինության ձեռքբերման՝ հիմնականում ռուսական արտադրանքի վրա:
Պատերազմից հետո միակ զինատեսակը, որի ձեռքբերման մասին հայկական կողմը հստակ հայտարարել է, ռուսական ՍՈՒ-30-ՍՄ կործանիչներն են:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»:
2019-ին Հայաստանը ձեռք էր բերել 4 ՍՈՒ-30-ՍՄ, սակայն առանց համապատասխան հրթիռների, ինչի պատճառով չկարողացավ դրանք կիրառել պատերազմի ընթացքում: Երևանը մտադիր է այդ կործանիչների քանակը հասցնել 12-ի: ՍՈՒ-30-ների նման խմբաքանակը, միանշանակ, եղանակ կփոխի՝ ընդգծում են փորձագետները: Սակայն այս պարագայում չափազանց կարևոր է, թե ի՞նչ բաղադրիչներով դրանք կմատակարարվեն Երևանին:
Ալեքսանդր Խրամչիխին (Ռազմական փորձագետ) - 12 կործանիչը կապահովի առավելություն օդում: Դրանք ավելի հզոր զենք են, քան Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող ցանկացած ինքնաթիռ: «ՍՈՒ»-երը կարող են օդում ոչնչացնել հակառակորդի ԱԹՍ-ները առանց որևէ խնդրի: Կարող են խոցել նաև ցամաքային թիրախներ: Հարցն այն է, թե ինչ հրթիռներ կցանկանա և կկարողանա ձեռք բերել Հայաստանը: Մեկ բան է երկինք-երկինքը, այլ բան՝ երկինք-մակերես հրթիռները:
Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը ընդգծում է՝ Հայաստանը պետք է ամբողջությամբ բարեփոխի Զինված ուժերը, և ՍՈՒ-երի ձեռքբերումն այդ գործընթացի կարևոր մաս կարող է դառնալ:
Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտության հիմնական պատճառներից մեկի՝ Հակաօդային պաշտպանության համակարգի խոցելի լինելու մասին շատ է խոսվել: Ադրբեջանի առավելությունը երկնքում ապահովվեց հարյուրավոր ԱԹՍ-ների միջոցով. թիրախում հայտնվեցին հայկական ցամաքային ուժերն ու խաղաղ բնակավայրերը: Հատկանշական է, որ այն օրերին, երբ «օդը հաջողվում էր փակել», Պաշտպանության բանակն իրեն վստահ էր զգում: Պատերազմի ընթացքում ոչնչացվել է զգալի քանակի ՀՕՊ-համակարգ, հիմնականում ՕՍԱ և ՏՕՌ տեսակի: Այժմ անհրաժեշտություն կա ձեռք բերել ժամանակակից համակարգեր:
Վլադիմիր Եվսեև (Ռազմական փորձագետ) - ԱԹՍ-ների դեմ պետք է պայքարել համալիր միջոցներով: Նպատակահարմար կլիներ Հայաստանին տրամադրել ՄԱՆՑԻՐ-ՍՄ-ներ, այս սարքի վերջին մոդիֆիկացիան է: Լավ համբավ ունեն նաև ՏՕՌ համակարգերը: Բայց այդ ամենը լավ է միայն կոմպլեքս օգտագործման պարագայում: Օրինակ, ԷՍ-300 կամ ԷՍ-400-ների, ինչպես նաև ռադիո-էլեկտրոնային պայքարի միջոցների հետ համատեղ:
44-օրյա պատերազմը մերկացրեց ևս մեկ խնդիր՝ անօդաչու թռչող սարքերի պակասը: Հայաստանը ԱԹՍ-ներ դեռևս չի գնել՝ օգտագործելով միայն սեփական արտադրանքը: Առաջին հայկական ԱԹՍ-ն հանրությանը ներկայացվեց 2011 թվականին: Սակայն ստանալ զգալի քանակի սարքեր, որոնք կարող էին պատերազմում լուրջ դեր խաղալ, չհաջողվեց: Բացը լրացնելու համար պետք է գնումներ կատարել միջազգային գործընկերներից, նշում են մասնագետները: Այժմ ռուսական կողմն է ակտիվ զբաղվում այդ զենքի մշակմամբ: Դաշնությունում չեն բացառում ԱԹՍ-ների մատակարարումը Հայաստանին:
Վալերի Ռեշետնիկով (ՌԴ ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար) - Այսօրվա դրությամբ մենք արտահանման ենք ներկայացնում մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես, տևական թռիչքի հնարավորությամբ «Օրիոն-Է» անօդաչու թռչող սարքերը։ Հայկական կողմի համապատասխան դիմումի դեպքում մենք պատրաստ ենք քննարկել այն ընդունված կարգով:
Խոսքը հետախուզական ԱԹՍ-ի մասին է: Ռուսաստանն իր սպառազինությունում դեռ չունի հարվածային ԱԹՍ-ներ, ընդգծում է Ալեքսանդր Խրամչիխինը: Այս պարագայում Հայաստանը կարող է հայացքն ուղղել այլ շուկաներ, և ռուսական կողմը պետք է ըմբռնումով մոտենա:
Ալեքսանդր Խրամչիխին (Ռազմական փորձագետ) - Այն փաստը, որ Իսրայելը ԱԹՍ-ներ է վաճառել Ադրբեջանին, չի նշանակում, որ Թել-Ավիվը դրանք չի վաճառի Հայաստանին: Կա Չինաստանի, ինչու չէ, նաև Իրանի տարբերակը:
Զինված ուժերում բարեփոխումները ենթադրում են նաև հրետանու և զրահատեխնիկայի արդիականացում: Պատերազմից առաջ Հայաստանի զինանոցում, համաձայն բաց աղբյուրների, կար 300-ից ավելի տանկ՝ զգալի մասը՝ ՏԷ-72: Արդիականացումը հնարավոր է իրականացվի ՏԷ-90-ներով, նշում է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Անհրաժեշտ է թարմացնել նաև հետևակի մարտական մեքենաների պարկը, ինչպես նաև շարժական և ստացիոնար հրետանին:
Արդեն պարզ է, որ այս տեխնիկայի ձեռքբերման հիմնական շուկան ևս Ռուսաստանն է: Եվսեևը ընդգծում է՝ ռուսական կողմն այս գործընթացին զուգահեռ պետք է զինամթերքի որոշակի պաշար ստեղծի Գյումրիի ռազմաբազայում:
Վլադիմիր Եվսեև (Ռազմական փորձագետ) - Երբ պատերազմը սկսվեց, Հայաստանը փաստացի մեկուսացված էր Ռուսաստանից: Իրանի տարածքով օդային միջանցքը ստեղծվեց ռազմական գործողությունների մեկնարկից երեք շաբաթ անց, երբ Արցախի հարավում պաշտպանական գիծը ճեղքված էր:
Հայաստանի Զինված ուժերում առավել ծավալուն փոփոխությունները կարող են առնչվել անձնակազմի զինվորական պատրաստվածությանը և հետևակի կառուցվածքին: Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ հայկական ԶՈւ-ն ժառանգել է խորհրդային բանակի մոդելը: Իսկ ժամանակակից պատերազմները ենթադրում են շարժունակության այլ աստիճան:
Այս ուղղությամբ փոփոխությունները պետք է ակնառու լինեն, նշում է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
Հրաչյա Պետրոսյանց (Ռազմական փորձագետ) - Մենք պետք է ունենանք շատ փոքր բանակ, որը կլինի շատ շարժունակ, որը տեխնոլոգիապես բարձր հագեցվածություն պետք է ունենա: Ես գտնում եմ, որ այսօրվա մեր բանակը ֆինանսական չափազանց մեծ ծախսեր է տանում անարդյունավետ: Այսինքն, կարելի է կրճատել ամեն ինչ, շատ ավելի փոքր լինել, բայց այդ ամենը կարող է լինել պրոֆեսիոնալ:
Պատերազմը Հայաստանին ծանր ժառանգություն է թողել: Բարեփոխումներն իրականացվելու են քաղաքական ու տնտեսական բարդ պայմաններում, սակայն Զինված ուժերի արդիականացումն այլընտրանք չունի, համոզված են մասնագետները: