100 տարի առաջ սա Հայաստանի առաջին վիրաբուժարաններից էր՝ Առաջին հիվանդանոցում: Այստեղ ամենահայտնի մասնագետներն էին կյանքեր փրկում: Այսպիսի օպերացիոն սեղաններ ուրիշ տեղ դժվար թե գտնեք՝ ասում է բժշկական համալսարանի ռեկտորը: Ամեն ինչ դարն ապրել է, բայց նույնիսկ նման պայմաններում շարունակում են հաջողված վիրահատություններ կատարել:
Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Այստեղ վիրահատում է, օրինակ՝ Արտավազդ Բագրատիչը: Փայլուն, միջազգային մակարդակի վիրաբույժ, բայց, ավաղ, տեսնում եք օպերացիոն սեղանը և վիրահատարանի վիճակը: Մեր մոտեցումը կայանում ա նրանում, որ այս վիրահատարանը դառնա ցուցադրական, և լինի այն նիշը, որից նվազ երբևէ էլ վիրահատարաններ չպիտի ստեղծվեն:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը՝ բժշկական համալսարանի հետ համատեղ, կունենա այդպիսի վիրահատարան՝ Բելգիայի կառավարության աջակցությամբ: Աննախադեպ ծրագրով առաջին անգամ Բելգիայի արտգործնախարարությունը 250 հազար եվրո դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանի հայրենիքի պաշտպաններին: Այդ միջոցներով կստեղծվի ինտեգրալ վիրահատարան, որը հնարավորություն է տալիս խուսափել ներհիվանդանոցային բոլոր տեսակի վարակներից:
Արմեն Մուրադյան - Անգամ սարքերը, էն, ինչ որ դրված ա հատակին, ամբողջը կախվում է առաստաղից, որ հնարավորինս մաքուր լինի: Այդպիսի վիրահատարաններ Հայաստանում արդեն կան, այսինքն՝ ճնշումը միշտ դրական է, որ թույլ չտա ներհիվանդանոցային վարակները թափանցեն ներս:
Բելգիայի արտգործնախարարությունը ընդամենը 3 ամսում է հաստատել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» կազմակերպության ներկայացրած այս ծրագիրը: Բելգիայում Հայաստանի դեսպանը սա աննախադեպ արագ որոշում է համարում:
Աննա Աղաջանյան (ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Առաջին անգամ նման օգնության մասին խոսք գնաց, երբ մեր ԱԳ նախարար Այվազյանն էստեղ էր և հանդիպման ժամանակ ասաց, արդյոք հնարավո՞ր է որևէ օգնություն մեր տուժած զինվորներին։ Նախարար Վիլմեսն արագ արձագանքեց, դեռ մեքենա չէինք նստել, աշխատակազմից զանգեցին, ասացին՝ եկեք ավելի մանրամասն քննարկենք:
Մինչև պատերազմն էլ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հաճախ էին ունենում զինվորներին համալիր օգնություն ցուցաբերելու կարիք, այսինքն՝ վիրահատությունից մինչև վերականգնողական բուժում, սակայն պատերազմը ավելի մեծացրեց այդ կարիքներն ու ավելացրեց խնդիրները:
Հայկուհի Մինասյան (Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Մեծ մասամբ գիտենք, որ տղաների ստացել են բեկորային վնասվածքներ, և տարիներ շարունակ կարիք է լինելու, որ այդ բեկորները նրանց միջից հանվեն, որովհետև պատերազմի ժամանակ կյանքի ցուցման համար զբաղվել են հիմնական խնդիրներով, սակայն այս փոքրիկ բեկորները տարիներ ընթացքում շարվում են... և այժմ այս վիրահատարանում մենք կկարողանանք իրականացնել պլաստիկ, միկրովիրաբուժական և օրթոպեդիկ վիրահատություններ:
Բելգիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի դրամաշնորհի հաստատումը բացառիկ երևույթ էր, քանի որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերում:
Բելգիայում մեր դեսպանն առաջարկում է այս հաջողությունն անվանել հումանիտար դիվանագիտություն՝ ի նպաստ մեր հայրենիքի պաշտպանների: Եվ շեշտում է. սա որոշում էր, որ նոր էջ բացեց Հայաստան-Բելգիա հարաբերություններում:
Աննա Աղաջանյան - Բելգիական կողմն ուրախ է, որ կարող է նպաստել հայրենիքի պաշտպանի սոցիալական ինտեգրմանը:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն այս օրերին պատրաստվում է Զինվորի տան պրոթեզարանի բացմանը: Այդ մի գործի մեկնարկն էլ հաջողությամբ կտան ու կսկսեն զբաղվել նոր վիրահատարանի ստեղծմամբ: