Ռուս-ուկրաինական սահմանին մութ ամպեր են կուտակվում և, դատելով տեղի ունեցող իրադարձություններից, դրանց առնվազն մի մասն այնտեղ է եկել Բոսֆորի նեղուցից։
Համենայնդեպս, այն ակտիվ հռետորաբանությունը, որ վերջին շրջանում ծավալվել է Մոսկվայի և Անկարայի միջև, հուշում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների այս ճակատում Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները այնքան էլ բարեկամական չեն և դա կարող է իր ազդեցությունը թողնել ոչ միայն Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների, այլև մերձավորարևելյան ամբողջ թատերաբեմի և մասնավորապես, Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների վրա։
Ի տարբերություն այս երկրորդ ուղղության, ուկրաինական գծում Թուրքիան համեմատաբար նոր խաղացող է և մինչ վերջին շրջանը եթե ուներ որոշակի դերակատարում, ապա այն հնարավորինս քողարկված էր։ Ճիշտ է, քողարկված լինելը չէր նշանակում, թե այդ ազդեցությունը փոքր էր և դրա ամենացայտուն օրինակը ղրիմյան թաթարներն էին, որոնք գրեթե ամբողջությամբ գտնվում էին թուրքական ազդեցության գոտում և իրենց բոլոր գործողությունները ժամանակին համաձայնեցնում էին Անկարայի հետ։
Կարծիք կա, որ Կրեմլը որոշեց Ղրիմը միավորել Ռուսաստանին հենց այն պահին, երբ Թուրքիայի կողմից թերակղզու անեքսիային մնացել էին հաշված օրեր, եթե ոչ՝ ժամեր։ Դրանից հետո Թուրքիան ժամանակավոր դադար վերցրեց՝ հարվածների ուղղությունը տեղափոխելով Սիրիա, որտեղ Ռուսաստանը նույնպես ուներ և ունի կենսական շահեր։ Ճիշտ է, այս ճակատում ևս Անկարան լուրջ հաջողությունների չկարողացավ հասնել, քանի որ ռուսական ռազմական օժանդակությունը ստանալով, Բաշար Ասադի իշխանությունը թուրքերին ու նրանց ազդեցության տակ գտնվող զինված խմբավորումներին նախ՝ չհանձնեց ալավիների սրբության սրբոցը՝ Լաթաքիան, իսկ հետագայում նաև կարողացավ ահաբեկիչներից մաքրել երկրի գրեթե ամբողջ տարածքը՝ բացառությամբ այն շրջանների, որոնցում Թուրքիան ներկայանում էր սեփական դեմքով՝ ի դեմս կանոնավոր բանակի։
Ռուսաստանին ռազմական ուղիղ հակամարտության մեջ ներքաշելու թուրքական միակ փորձը Սիրիայում եղավ, երբ թուրքական խմբավորումները խոցեցին ռուսական ռազմական ինքնաթիռը, սակայն Մոսկվան գերադասեց խնդիրը հարթել այլ եղանակով, և ռուս-թուրքական պատերազմը հետաձգվեց։
Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելու երկրորդ փորձը տեղի ունեցավ արդեն Հայաստանում, երբ հրադադարի կնքումից հետո Նախիջևանի կողմից խոցվեց զինվորական շարասյունն ուղեկցող ռուսական մարտական ուղղաթիռը։ Գործողության իմաստը, ըստ երևույթին, այն էր, որ Մոսկվան պետք է դիմի պատժիչ գործողությունների, ինչն Անկարային հնարավորություն կտար կրկին հիշել Կարսի և Մոսկվայի պայմանագրերն ու Նախիջևանը ագրեսիայից պաշտպանելու պատրվակով ուղիղ առճակատման մեջ մտնել ռուսական զինված խմբավորումների հետ։ Այս փորձը նույնպես ձախողվեց, քանի որ Մոսկվան և Բաքուն պայմանավորվեցին տեղի ունեցածը համարել դժբախտ պատահականություն, ինչը, որոշ աղբյուրների պնդմամբ, առաջացրեց Թուրքիայի խուլ դժգոհությունը։
Այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայի շուրջ, ըստ էության, մի ամբողջ սցենար է, որում Թուրքիան համեստորեն վերցրել է կատարողի դերակատարումը։ Ընդ որում, հարկ է նկատել, որ մինչ այդ նույն համեստությամբ Թուրքիան նույնպես կատարող էր, բայց ընդդեմ Արևմուտքի։
Խոսքը վերաբերում է ռուսական Ս-400 հրթիռային կայանքների ձեռքբերմանը, ինչի արդյունքում բավական ջերմացան Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները և ինչ-որ ժամանակահատված այդ ջերմությունն օգտագործվեց ընդդեմ Արևմուտքի։ Այժմ, երբ Թուրքիան Ռուսաստանից ստացել է այն, ինչ պետք էր իրեն, Անկարան, ըստ ամենայնի, կրկին փոխել է ճամբարը և, մասնավորապես, «Բայրաքթարներ» և այլ ռազմական տեխնիկա մատակարարելով Ուկրաինային, ամեն կերպ փորձում է տարածաշրջանում լարվածությունը հասցնել բարձրագույն կետի՝ հույսով, որ կողմերից որևէ մեկի նյարդերը, այնուամենայնիվ, տեղի կտան և կհնչի լայնածավալ պատերազմի մեկնարկն ազդարարող առաջին կրակոցը։
Մոսկվան, ըստ երևույթին, այս ամենը հրաշալի հասկանում է և հույս ունի, որ թե՛ Արևմուտքի, թե՛ սեփական ջանքերի շնորհիվ պատերազմից խուսափել, այնուամենայնիվ, կհաջողվի։ Ընդ որում, կարելի է ենթադրել, որ Մոսկվան դրանից հետո կսկսի պատժիչ գործողությունների մի շղթա, որի նպատակը կդառնա որքան հնարավոր է ցավոտ հարվածել թուրքական շահերին՝ լինեն դրանք տնտեսական, թե քաղաքական։
Մասնավորապես, Ռուսաստանը քովիդի նոր բռնկման պատճառաբանությամբ փակեց Թուրքիայի հետ օդային սահմանը, իսկ մի քանի օր առաջ տևական ընդմիջումից հետո անսպասելիորեն ակտիվացավ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ հիշեցնելով, որ Անկարայի և Բաքվի համար անցած փուլ համարվող Արցախյան հակամարտությունը կարգավորված համարել չի կարելի։