2019-ին Հայաստանն ապահովել է վերջին տասը տարվա ամենաբարձր արդյունքը՝ 7,6 տոկոս տնտեսական աճ, բյուջեն գերակատարվել է 63 միլիարդով: 2020-ի սկզբում աճի դինամիկան պահպանվեց՝ հունվար-փետրվարի ցուցանիշը հասավ 9 տոկոսի: Մինչդեռ կորոնավիրուսով, այնուհետև պատերազմով պայմանավորված՝ կառավարությունը ստիպված եղավ անցնել ճգնաժամային կառավարման:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իրականացրել ենք հակաճգնաժամային 25 միջոցառում, որի շրջանակներում աջակցություն է ստացել շուրջ 1,1 միլիոն ֆիզիկական անձ, 83 հազար իրավաբանական անձ։ Շահառուներին հասանելի է եղել 239 միլիարդ դրամ։
Պետբյուջեից ծախսվել է 55 միլիարդ դրամ, ևս 20-ը ծախսվել են փոխառու միջոցների հաշվին։ Մնացածը կառավարության աջակցության ծրագրերով իրականացվել է բանկային համակարգի միջոցով: Հայաստանը հայտնվել էր մակրոտնտեսական ռիսկերի առաջ:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Ես կարող եմ վստահ ասել հիմա արդեն, որ մեզ հաջողվեց կառավարել այդ ռիսկերը և խուսափել բավականին լուրջ և ծանր հետևանքներից։
Ֆինանսական համակարգը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկրում այն կայացած է։ Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան Հայաստանի տնտեսական ապագայի հանդեպ լավատես է։ Հիմա պետք է ուշադրության կենտրոնում պահենք կոմունիկացիաների բացման թեման, վարչապետը սակայն նշում է, որ այս հարցում էլ Բաքվի քայլերը կառուցողական չեն:
Նիկոլ Փաշինյան - Ես ունեմ, ցավոք սրտի, կասկածներ, որ հենց Ադրբեջանն ամեն ինչ անում է այս գործընթացը տորպեդահարելու և Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար։ Ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ մենք հետևողականորեն գնալու ենք հունվարի 11-ին ստորագրված փաստաթղթի իրականացմանը, որովհետև մեզ համար ռազմավարական խնդիր է օր առաջ երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, օր առաջ կապ հաստատել Իրանի հետ։
Հայաստանը կարող է տրանզիտ դառնալ Պարսից ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս: Վարչապետն առանձնացնում է նաև երկրի տնտեսական վերելքի հիմնական ռեսուրսները:
Նիկոլ Փաշինյան - Հայաստանը տիրապետում է, պայմանական ասած՝ 21-րդ դարի «նավթի» և «գազի» պաշարներին։ Մեկը պղինձն է, մյուսը՝ ջուրը։ Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանը ոչ թե հանքաքար արտահանող երկիր լինի, այլ մետաղական պատրաստի արտահանող երկիր, և սա ուղիղ կապ ունի կոմունիկացիաների բացման հետ, որովհետև ներդրումային միջավայրի այդ կարգի մեծ տնտեսական նախագծեր իրագործելու համար էական է երկաթուղային կապի առկայությունը։
2018-ից Հայաստանում դիտարկվում է նաև խմելու և ոռոգման ջրի կուտակման ծրագիրը։
Նիկոլ Փաշինյան - Տարեկան 7 միլիարդ ջուր է ձևավորվում Հայաստանում, և դրա չնչին մասն է, որ մենք ի վիճակի ենք լինում կուտակել։
Ռազմավարական համարվող կրթության ոլորտում նախ՝ պետք է լինեն ապահովված ուսուցիչներ: Պրոֆեսիոնալ ուսուցիչների աշխատավարձն անընդհատ կբարձրանա:
Նիկոլ Փաշինյան - Ներդրվում է ուսուցիչների որակավորման ատեստացիան, և այս տարվանից սկսած ատեստացիա անցած ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա, և շարունակաբար բոլոր այն ուսուցիչները, ովքեր իրենց որակավորումը կհաստատեն, առաջին փուլում աշխատավարձերը կբարձրանան 30-50 տոկոսով, հետագայում նրանք հնարավորություն կունենան հավաքել կրեդիտներ, և նրանց աշխատավարձը կբարձրանա։
Կավելանա նաև գիտության ֆինանսավորումը՝ 2022-ից մինչև 2025 թվականն ամեն տարի 3-5 միլիարդ դրամով։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ևս ռազմավարական է, այս տարվա ֆինանսավորումը հասել է ավելի քան 9 միլիարդի, 2019-ին այդ թիվը 5,5 միլիարդ էր: