«Զուսպ լավատեսություն». թերևս այս կերպ կարելի է բնութագրել ֆոնդային բորսաներում խաղացողների տրամադրությունը: Համաշխարհային տնտեսությունը առողջացման առաջին լուրջ ազդակներն է ստանում:
Պատվաստման գործընթացը թափ է հավաքել Իսրայելում, Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիության մի շարք երկրներում: Ֆինանսական կառույցները բարելավում են ազգային տնտեսությունների աճի կանխատեսումները:
Այս ֆոնին պատմական մաքսիմում են արձանագրել ամերիկյան ԷՍ ընդ Պի 500 և Դոու Ջոնս ֆոնդային բորսաները: Երբևէ լավագույն ցուցանիշին է մոտ բարձրտեխնոլոգիական «Նասդաքը»: «Կանաչ գոտիներում» են նաև եվրոպական և ասիական շուկաները:
Այս շաբաթ ներդրողների ուշադրության կենտրոնում էր Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների հերթական սրացումը: Վաշինգտոնն ու Մոսկվան փոխադարձ պատժամիջոցներ կիրառեցին: Չնայած դրան՝ ռուսական ռուբլին զգալի անկում չունեցավ. հիմնականում՝ նավթի գների բարձրացման շնորհիվ: Երևանի փոխանակման կետերում ռուբլու լավագույն փոխարժեքը 6.86 դրամ է:
Նավթի գները կարող են նվազել, եթե Միացյալ Նահանգներն ու Իրանը պայմանավորվածություն ձեռք բերեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Սակայն դա դեռ տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ նավթի աճող պահանջարկը կբավարարվի առանց Իրանի զգալի մասնակցության:
Այս շաբաթ հատկանշական իրադարձություն տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում: Կրիպտոարժույթների առք ու վաճառքի համար նախատեսված Coinbase բորսան տեղաբաշխում իրականացրեց: Այժմ ընկերության բաժնեմասերը կարելի է գնել «Նասդաք» ֆոնդային բորսայում:
Այս իրադարձությունը փաստացի նշանակում է, որ համաշխարհային տնտեսությունը պաշտոնապես ընդունում է կրիպտոարժույթների դերը ապագա զարգացումներում: Ավելի վաղ «Տեսլա» ընկերությունն էր հայտարարել, որ իրենց էլեկտրական մեքենաները հնարավոր կլինի գնել բիթքոյինով:
Goldman Sachs ներդրումային բանկն իր կանխատեսումն է ներկայացրել պղնձի գների վերաբերյալ՝ մետաղն անվանելով «նոր նավթ»:
Կառույցում համարում են, որ պղնձի գինը 2025 թվականին ներկա 9.100 դոլարից կարող է հասնել 15 հազար դոլարի՝ մեկ տոննայի համար:
Եթե կանխատեսումն իրականություն դառնա, շեշտակի կավելանան մուտքերը Հայաստանի պետական բյուջե: Մեր երկիրն ունի պղնձի զգալի պաշարներ: Միայն 2019 թվականին Հայաստանից 562 տոննա այս մետաղից է արտահանվել:
Հայկական բիզնեսի ուշադրության կենտրոնում արտարժույթի շուկան է: Շաբաթվա վերջում փոխանակման կետերը մեկ դոլարի համար տալիս են 520 դրամ, եվրոյի համար՝ 628 դրամ: