Ջերմորեն եմ վերհիշում 2019 թ․ ամերիկահայ բարերար ու մեծ մարդասեր Վարդան Գրեգորյանի հետ հանդիպումը և մի քանի ժամ տևած բովանդակալից զրույցը՝ հայությանը հուզող խնդիրների ու նպատակների շուրջ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Կյանքի ընթացքում բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ Վարդան Գրեգորյանը հասել էր մեծ նվաճումների՝ իր կյանքի օրինակով ոգեշնչելով ներկա ու ապագա սերունդներին։
Նյու Յորքի հանրային գրադարանի ու Բրաունի համալսարանի նախագահի պաշտոնները զբաղեցնելուց հետո Գրեգորյանը եղել է Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահը, ինչպես նաև համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։
Իրապես, նրա անցած ուղին, օրինակելի կերպարը և արգասաբեր գործունեությունը՝ ի նպաստ հայության նվիրական իղձերի իրականացման ու համամարդկային իդեալների առաջխաղացման, ուղենիշ կլինեն բոլորիս համար:
Խորապես ցավակցում եմ Վարդան Գրեգորյանի ընտանիքին ու հարազատներին ու կիսում նրանց վիշտը»,- գրել է փոխվարչապետը։