«Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը` մշակույթ: Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել...»,- Կարեն Դեմիրճյան:
Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Հայրենանվեր պետական գործիչն այսօր կդառնար 89 տարեկան:
«Հոգևոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որևէ արատը սքողելու... Տասնամյակների իշխանությունը և տարիքը ի զորու չեղան այդ եզակի կառույցը խարխլել - իշխանությունը՝ կեցվածքի ամբարտավանությամբ, տարիքը՝ տարեցի վեհերոտությամբ, իր բաժին աշխարհի վերջի անթոթափելի երկյուղով և սրանից արտածվող ագահությամբ ու չարացածությամբ, որ ծերերի բերանը անեծքով է լցնում: Դեմիրճյանը մեծանում էր, բայց չէր ծերանում...»,- Հայաստանի Ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանին այդպես է բնութագրել արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:
Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932 թ. ապրիլի 17-ին Երևանում: 1954 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը:
Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գիրքում նկարագրված է բացառիկ մարդու՝ Կարեն Սերոբիչի լույս աշխարհ գալը․
«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս: Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի: Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով: Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային, որպես մեռելածին, դուրս տարավ: Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում: Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը: Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու: 1932 թ. ապրիլի 17-ն էր: Հրաշքով փրկված նորածինը՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ ծննդաբերողը՝ նրա մայրը՝ Լյուսյա Դեմիրճյանը»։
1954-58 թթ. աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում կոնստրուկտորական խմբի ղեկավար: 1958 թ. ընտրվել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար: 1959-61 թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: 1962-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն: 1966 թ. ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, 1971 թ.` 2-րդ քարտուղար, 1972 թ.` ՀԿԿ ԿԿ քարտուղար:
1974 թ. նոյեմբերից մինչև 1988 թ. մայիս եղել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար՝ ղեկավարելով Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը: 1991-99 թթ. եղել է «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1998 թ. առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: 1999 թ. Վազգեն Սարգսյանի հետ կազմել է «Միասնություն» դաշինքը, որը խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրեց՝ ստանալով 41.69 տոկոս քվե:
1999 թ. մայիսի ԱԺ ընտրությամբ ձևավորված նոր խորհրդարանում Դեմիրճյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: 1998-ին Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:
Կարեն Դեմիրճյանը սպանվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում ահաբեկչության ժամանակ: Դեմիրճյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ հետմահու նրան շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում:
-
Կարեն Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) շահագործման են հանձնվել «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, Մարզահամերգային համալիրը (1999-ից՝ Կարեն Դեմիրճյանի անվան), կառուցվել են Արփա-Սևան թունելը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Մասիս-Նուռնուս և Հրազդան-Իջևան երկթուղային մայրուղիները, գրապալատը և այլն:
-
1975 թ. ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Կարեն Դեմիրճյանը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:
-
Կարեն Դեմիրճյանի ջանքերով 1978 թ. ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը:
-
1980 թ. կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:
-
1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս հռչակվեց: Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988 թ.:
Վրացի քաղաքական և պետական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Կարեն Դեմիրճյանի մասին գրել է.
«Կան մարդիկ, որոնց կյանքը որքան էլ դաժանորեն և անժամանակ ընդհատվելիս լինի, դարձյալ կենդանի են մնում ապրողների, ժողովրդի հիշողության մեջ: Եվ որքան անարդար, ահավոր ու անհեթեթ է թվում մեզ ճակատագրի կամքը, այնքան ավելի այդ հիշատակն անջինջ է ու թանկ: Այդ դեպքում մեր գիտակցությունը մշտապես ավելի արդարացի ու վեր է քմահաճ բախտից: Ես հենց այդպիսի մարդկանց կարգին եմ դասում նաև իմ պանծալի ընկերոջը՝ Կարեն Դեմիրճյանին, որին համարում եմ մեկն այն մտերիմ մարդկանցից, որոնց, ցավոք, վիճակվել է կորցնել...»: