Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի Ռինդ համայնքում անդրադարձավ ընդդիմության մեղադրանքներին, թե 3 տարում ինչ է արել իշխանությունը:
Փաշինյանը բնակիչների հետ հանդիպմանն ասաց, որ այսօր հաշվետվություն կներկայացնի, թե միայն Տարածքային զարգացման հիմնադրամով Վայոց ձորում ինչ աշխատանքներ են իրականացվել:
«Սկսենք Ռինդից. Ռինդում իրականացվել է մանկապարտեզի վերակառուցում՝ 127 միլիոն դրամ բյուջեով: Զառիթափ համայնքում, Խնձորուտում, Ջրաղբյուրում խմելու ջրի ջրագծի վերակառուցոմ է տեղի ունեցել, Եղեգնաձորում՝ թիվ 1 դպրոցի կառուցում, Ջերմուկ քաղաքում՝ ձախափնյա թաղամասի բնակելի շենքերի տանիքածածկույթի շինվերանորոգման աշխատանքներ՝ 266 մլն դրամի, ավարտված է: Ջերմուկում՝ ձախափնյա և աջափնյա թաղամասերի բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքներ, էլի ավարտված է: Կեչուտ թաղամասում՝ ներթաղամասային ճանապարհների և մայթերի բարեկարգում՝ ավարտված է: Ջերմուկում՝ քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվուղու և սանհանգույցների կառուցման աշխատանքներ՝ ընթացքի մեջ է:
Ջերմուկի՝ Ձախափնյա թաղամասի բնակելի շենքերի տանիքածածկույթի փոխարինում՝ ավարտված է, Կեչուտ թաղամասի խաղահրապարակի կազմակերպում՝ ավարտված է: Ջերմուկի քաղաքային զբոսայգու ոռոգման ցանցի կառուցման, բարեկարգման աշխատանքներ: Էլի Ջերմուկում՝ աջափնյա թաղամասի բակային տարածքների բարեկարգում, բակային ճանապարհների ասֆալտապատում, եզրաքարերի տեղադրում, Եղեգիսում՝ Գողթանիկի դպրոցի տանիքի վերանորոգում»,- նշեց վարչապետը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ այսքանով Ջերմուկում ընթացող շինարարությունը չի ավարտվում, այս տարի էլ քաղաքում դեռ 2-3 միլիարդ դրամի աշխատանքներ են մեկնարկելու:
«Արտաբունքի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցում մետաղյա խողովակով, Արենիում՝ Չիվայի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում՝ 2 կմ, արված է: Արենիում՝ Մ2 Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր հանրապետական նշանակության ճանապարհն արդեն նորոգված է: Արենիում Ագարակաձորի մանկապարտեզի շենքի վերանորոգում, Վերնաշեն և Գլաձոր բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի առանձին հատվածների վերանորոգում, Հորսի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում Եղեգիսում, Եղեգնաձորում թիվ 5, թիվ 2 մանկապարտեզների վերանորոգում, համայնքների տեխզինում...»,- մանրամասներ ներկայացրեց վարչապետը:
«Սրանք էն աշխատանքներն են, որոնք 2018-ից հետո արվել են միայն Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագրեր ենք իրականացրել միլիարդավոր դրամների՝ ամբողջ Հանարապետությունում, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզում: Հիմա կարող ենք ասել, որ էս աշխատանքները աչք են ծակում, ո՛չ, ինչո՞ւ, որովհետև այն ամենն, ինչ երկար տարիներ չի արվել, էս է մեր ճանապարհը: Մենք մեր բոլոր խնդիրները պետք է հաղթահարենք աշխատանքով, ավելացված արդյունք ստեղծելով և ավելացված արդյունքը մեր ընդհանուր բարեկեցությանը, կրթությանը, անվտանգությանը, ենթակառուցվածքների մեջ ներդնելով»,- հավելեց վարչապետ Փաշինյանը: