Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային տոնին ընդառաջ մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանն ընդգծում է՝ ապրիլի 18-ին հասկանալի պատճառներով պատրաստվում ենք ոչ թե տոնական տրամադրությամբ, այլ ոլորտի նոր մարտահրավերներն ու լուրջ խնդիրները լուծելու վճռականությամբ:
Հարցերի հարցն, իհարկե, Ադրբեջանի օկուպացրած տարածքներում Արցախի ահռելի ժառանգությունն է՝ մոտ 1500 պատմամշակութային արժեքներ: Փոխնախարարն ընդգծում է՝ չի կարող ասել ավելին, քան արտգործնախարարությունը, բայց վտանգը խիստ շոշափելի է նաև այսօր և պետք է միջազգային լուրջ դիմակայություն ստեղծել ադրբեջանական վանդալիզմին:
Հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ընդգծում է՝ չնայած բարդ իրավիճակին, 2020-ին պետական միջոցներով վերականգնել են Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքը, Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը, Հոռոմի Սուրբ Հռիփսիմե և Սյունիքի Բնունիսի եկեղեցիները և պատրաստվում են նոր նախագծերին, որոնց թվում են նաև Երևան-Սևան մայրուղու 2 հուշարձանները՝ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք»: Հսկայածավալ ժառանգության պահպանության հարցում մեծ հանրային աջակցություն են ակնկալում:
Առաջիկայում ևս երկու նոր արգելոց-թանգարան՝ «Դվին մայրաքաղաքը» և «Դաշտադեմի ամրոցը» կհամալրեն ազգային 13 արգելոց-թանգարանների շարքը: Սկսվել են նաև հուշարձանների մաքրման աշխատանքները:
Փոխնախարար Խզմալյանի գնահատմամբ՝ մեր օրերում հուշարձանների պահպանությանը պետք է վերաբերվել ոչ որպես մասնագիտության, այլ որպես առաքելության. չափազանց մեծ արժեք է դրված մասնագիտության հիմքում: